Ջավախքի լրատվական կենտրոնը 25 աշխատանքային օր անց պատասխան չի ստացել քաղաքապետարան ուղարկված հարցումին` կապված Չամդուրա (Չամձռվալա) գյուղի մոտակայքում անտառային գոտին վարձակալելու վերաբերյալ տեղեկատվության վերաբերյալ: Սակայն, Հանրային ռեեստրից տնտեսական գործունեության մասին քաղվածքը տալիս է որոշ հարցերի պատասխաններ:
Քաղաքապետարանը դեռ չի արձագանքել JNEWS-ի կողմից Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի անունով ուղարկված հարցմանը, որով տեղեկատվություն է պահանջվում Չամդուրա (Չամձռվալա) գյուղի մոտակայքում գտնվող անտառային գոտին վարձակալելու վերաբերյալ, որը տրվել է Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի պատգամավորի հարազատին: JNEWS–ը հետաքրքրվեց այս հողամասի վարձակալությամբ այն բանից հետո, երբ սեպտեմբերի 1-ին Չամդուրա գյուղի բնակիչները բողոքի ցույց անցկացրին՝ բողոքելով, որ իրենք չեն կարողանում սեփականաշնորհել իրենց հողերը, իսկ պատգամավորը «յուրացրել է» գյուղի բոլոր անտիրական հողերը:
Քաղաքապետարանի «լռությունը», ըստ Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Անդրանիկ Մինասյանի, ոչ այլ ինչ է, քան հանրային տեղեկատվության հասանելիության իրավունքի խախտում, որը երաշխավորված է Վրաստանի Սահմանադրության 18-րդ հոդվածով: Վերոհիշյալ տեղեկության հասանելիության կարգը ամրագրված է «Վրաստանի ընդհանուր վարչական օրենսգրքի» 3-րդ գլխում:
Համաձայն օրենսգրքի՝ հանրային տեղեկատվությունը, դա հանրային հաստատությունում պահվող տեղեկատվություն է, ինչպես նաև պետական հիմնարկի կամ աշխատողի կողմից աշխատանքային գործունեության հետ կապված ստացված, մշակված, ստեղծված կամ ուղարկված տեղեկատվությունը, նաև հանրային հաստատության կողմից նախապես հրապարակված տեղեկատվությունը:
«Հանրային տեղեկատվությունը բաց է, եթե այն իրենից չի ներկայացնում պետական, կոմերցիոն, մասնագիտական գաղտնիք, չի պարունակում անձնական տեղեկություններ: Ցանկացած անձի կողմից գրավոր դիմումի դեպքում պետական հաստատությունը պարտավոր է պահանջվող հանրային տեղեկությունը տրամադրել անհապաղ կամ օրենքով սահմանված դեպքերում` ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում», – ասում է փաստաբանը:
Հանրային տեղեկատվության տրամադրումից հրաժարվելու դեպքում պետական հաստատությունը պետք է անհապաղ տեղեկացնի այդ մասին հարցումը ներկայացնողին: Տեղեկատվություն տրամադրելու համար վերը նշված ժամկետների խախտումը համարվում է տեղեկատվությունը տրամադրելուց մերժում:
«Անձը իրավունք ունի դատարանում բողոքարկել հանրային տեղեկատվության տրամադրման մերժումը, պահանջել այն չեղարկել և հաստատությանը պարտավորեցնել տրամադրել հանրային տեղեկատվություն: Հետաքրքիր է, որ նման վեճերում ապացուցման բեռն ընկնում է պատասխանող պետական հաստատության վրա, որը պետք է ապացուցի, որ կան օրենքով սահմանված հանրային տեղեկատվության տրամադրումը մերժելու հիմքեր: Եթե դատարանը համոզված է, որ նման հիմքեր չկան, ապա կբավարարի անձի հայցը և կպարտադրի հաստատությանը տրամադրել անհրաժեշտ հանրային տեղեկատվությունը», – պարզաբանում է Անդրանիկ Մինասյանը:
Հարցման համաձայն պետական հաստատության մերժումը բողոքարկելու համար հարցման դիմողը մեկ ամիս ժամանակ ունի, որոշ դեպքերում և մեկ տարի, եթե պետական հաստատության գրավոր մերժումն իրենց տիրապետման տակ չէ:
Սակայն, Վրաստանում հանրային տեղեկատվությունը հաճախ հասանելի է բաց բազաներում, որի շնորհիվ JNEWS-ը կարողացավ գտնել որոշ հարցերի պատասխաններ այն գրանցման քաղվածքից, որը Արդարադատության նախարարությունն իրականացնում է գույք գնելիս և վարձակալելիս…
Այսպիսով, քաղվածքի հիման վրա՝ անտառային գոտում գտնվող այս հողը վարձակալության է հանձնվել որպես գյուղատնտեսական հողատարածք, հողամասի մակերեսը կազմում է 3004 ք/մ: Վարձակալության փոխանցման օրինականությունը ստուգվել է Պետական գույքի ազգային գործակալության կողմից, իսկ հողամասը վարձակալության է փոխանցել Ախալքալաքի մունիցիպալիտետը: Վարձակալը Քիշմիշ Վայրադյանն է (Անդրանիկ Մուրադյանը JNEWS-ին տված հարցազրույցում նշել էր, որ հողատարածքը վարձակալել է իր եղբայրը): Վարձակալության պայմանագիրը կնքված է 49 տարի ժամկետով: Փաստաթղթերը վավերականացված են նոտար Թինաթին Գելաշվիլիի կողմից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին, Չամդուրա (Չամձռվալա) գյուղի բնակիչները հավաքվել էին ցույցի: Հավաքի հիմնական պատճառը դեպի Կարծախ տանող ճանապարհի մոտ գնտվող հողամասն էր: Գյուղի մոտակայքում գտնվող անտառային գոտին հատվել է, վերածվել վարելահողի, այնուհետ վարձակալության հանձնվել Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի պատգամավորի՝ Անդրանիկ Մուրադյանի ազգականուհուն:
JNEWS-ը հարցադիմում էր ուղարկել Ախալքալաքի քաղաքապետարանը ցույցի երկրորդ օրը, այսինքն` սեպտեմբերի 2-ին: Հարցադիմումը ներառում էր հետևյալ հարցերը.
. ինչի՞ հիման վրա է վարձակալվել այս հողամասը,
. ո՞ւմ և ի՞նչ պայմաններում է փոխանցվել անտառային գոտու վարձավճարը,
. որքա՞ն է վարձավճարը,
. վճարվել է արդյո՞ք վարձավճարը, որքան ժամանակում և որտեղ (տեղական թե՞ կենտրոնական բյուջե),
. անտառային գոտու որքա՞ն տարածությունն է վարձակալվել:
Ախալքալաքի քաղաքապետարանը հարցման պատասխանը չի տրամադրել: Հարցումն ուղարկելուց անցել է 25 աշխատանքային օր:
Այս թեմայով կարող եք կարդալ նաև՝
Չամդուրայի բնակիչները պատգամավորին մեղադրում են հողամասի ապօրինի յուրացման մեջ
Պատգամավորի պատասխանը Չամդուրա գյուղի բնակիչների հայտարարություններին
Ախալքալաքի քաղաքապետարանը խախտում է Վրաստանի վարչական օրենսգիրքը
Քրիստինե Մարաբյան