Ախալքալաքի կենտրոնական փողոցները կրկին անանցանելի են, կան բազմաթիվ փոսեր: Այս փողոցների վերանորոգումը, որ խոստացել էին սկսել հուլիսի 4-ին, դեռևս չի սկսվել:
Ախալքալաքի կենտրոնական փողոցների վրայի փոսերը շրջանցելու համար հաճախ անցնում են երթևեկության հակառակ գոտի կամ նույնիսկ մայթեր` ստեղծելով արտակարգ իրավիճակ:
Այս աշխատանքների տենդերը տեղի էր ունեցել այս տարվա հունիսին: Հաղթող ընկերությունը խոստացել էր վերանորոգման աշխատանքներն սկսել հուլիսի 4-ին:
Jnews-ի հետ հեռախոսազրույցում «Ջավախ ավտո Գզայի» տնօրեն Նոդար Ինասարիձեն ասել է, որ փոսային նորոգման աշխատանքները կսկսվի հուլիսի 4-ին:
«Ջավախ ավտո Գզայի» ներկայացուցիչ Ջաբա Ձիրկվաձեի խոսքով, փոսային նորոգման աշխատանքները դեռ չեն սկսվել:
«Փաստաթղթերի հետ կապված խնդիրներ կային, ուստի այսօր մենք չկարողացանք սկսել: Վաղվանից մենք կսկսենք վերանորոգել փողոցները», – ասել է Ջաբա Ձիրկվաձեն:
Փոսային աշխատանքների համար մրցույթը հայտարարվել էր 2019 թ. մայիսի 29-ին, այն շահել էր «Ջավախ ավտո Գզա» ընկերությունը՝ 199 990,00 լարիի չափով:
Հիշեցնենք, որ Սակրեբուլոն հաստատել էր այդ աշխատանքների համար 200,000 լարի: Ախալքալաքում փոսային նորոգման համար տենդերը երկար ժամանակ չէր հայտարարվում, քանի որ քաղաքապետարանը և կապալառուն համաձայնության չէին գալիս անցյալ տարվա վերանորոգման առնչությամբ: Քաղաքապետարանը պնդում էր, որ «Ջավախ ավտո Գզա» ընկերությունը չի ավարտել նախորդ տարվա աշխատանքը, իսկ ընկերությունը հայտարարում էր, որ իրենք ավարտել են: Սակայն մայիսի կեսերին ընկերությունը վերանորոգեց ճանապարհի 1000 ք/մ-ը, բայց Ազատություն փողոցի վերջնական հատվածը և Աղմաշենեբելու փողոցի նախնական հատվածը, ինչպես նաև Նալբանդյան փողոցի հատվածը, որը գտնվում է շուկայի հարևանությամբ, այնտեղ ընդգրկված չէին: Այս անանցանելի փոսերը մի քանի անգամ ավազով էին լցվել, բայց արդյունքում ամեն օր էլ ավելի է վատթարանում:
Բրատիսլավ Իգիթխանյան