Ախալցխայում բացվել է «Միջազգային թափանցիկություն-Վրաստան» հասարակական կազմակերպության Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանային գրասենյակը: Գրասենյակը նաև աշխատելու է Ախալքալաքի և Նինոծմինդայի համար, տեղի բնակչությանը օգնելու է հողերի գրանցման հարցում:
Այսօր Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել «Միջազգային թափանցիկություն-Վրաստան» կազմակերպության գրասենյակի շնորհանդեսը: Գրասենյակի համակարգողն է Թամունա Ուչիձեն:
Կազմակերպությունը նպատակ ունի երկրում նվազեցնել կոռուպցիան, նպաստել Վրաստանի ձևավորմանը որպես ուժեղ, ժողովրդավարական պետություն:
Կազմակերպության տնօրենի տեղակալի՝ Գիորգի Օնիանիի խոսքով, այս տարիների ընթացքում կազմակերպությունն օգնել է շատերին վերադարձնել իրենց հողերը Աջարիայում, Անակլիայում և Գոնիոյում:
Կազմակերպության տնօրեն Էկա Գիգաուրիի խոսքով, նրանք նաև կօգնեն Ախալքալաքի և Նինոծմինդայի բնակիչներին:
«Ախալցխայի գրասենյակը կծառայի ամբողջ տարածաշրջանին», – ասել է նա:
Ախալքալաքի մունիցիպալիտետում մարդիկ հաճախ խնդիրներ են ունենում հողատարածքների գրանցման հետ կապված:
«Մենք հանդիպելու ենք ինչպես Ախալքալաքի, այնպես էլ Նինոծմինդայի բնակիչների հետ, մենք կլսենք ժողովրդին և կօգնենք», – ասում է Գիորգի Օնիանին:
Տարածաշրջանային գրասենյակների ղեկավար Մալխազ Ճկադուայի խոսքով, սեպտեմբերից կազմակերպություն կժամանի իրավաբան, ով կզբաղվի այս հարցերով:
«Միջազգային թափանցիկություն-Վրաստան» հասարակական կազմակերպության Ախալցխայում գործող տարածաշրջանային գրասենյակը գործում է քաղաքապետարանի հարեւանությամբ, Իվանե Բերիձե 18 հասցեում:
Բրատիսլավ Իգիթխանյան