2022 թվականի ապրիլի 25-ից, Վրաստանում վարորդական իրավունքի վկայական ստանալու գործնական քննությունը իրական պայմաններում հանձնելը պարտադիր կդառնա: Ախալքալաքում հնարավոր կլինի հանձնել քննություն, թե՝ ոչ, դեռ պարզ չէ, գործակալությունում դեռ քննարկումներ են ընթանում։
Գրանցման հարթակում Ախալքալաքում ազատ օր կա միայն մայիսի 6-ից սկսած, իսկ Ախալցիխեում՝ ապրիլի 26-ից։ Այն անձիք, ովքեր հիմա կգրանցվեն գործնական քննությունը կհանձնեն իրական երթևեկության պայմաններում։
Հունվար ամսին ներքին գործերի նախարարության Սպասարկման գործակալությունից JNEWS-ին հայտնեցին, որ քաղաքի պայմաններում քննություն հանձնել հնարավոր կլինի բոլոր այն մունիցիպալիտետներում, որտեղ ներկայացված են սպասարկման գործակալության ստորաբաժանումները, իսկ Ախալքալաում գործակալությունը կենտրոն չունի։ Ասացին, նաև, որ Ախալքալաքից ցանկացողները կարող են իրական պայմաններում քննությունը հանձնել Ախալցիխեում։
Այսօր նույն հարցով, հստակեցնելու համար կրկին դիմեցինք գործակալություն, նրանք մեզ պատասխանեցին՝
«Դեռ դրա մասին տեղեկություն չենք կարող տարածել, ծրագրվում է, որ պետք է իրականացվի ողջ երկրի մասշտաբով, որտեղ կառուցվածքային միավորներ կան: Մենք դրա մասին տեղեկություն կտարածենք, այդ հարցը դեռ քննարկվում է», – ասացին գործակալությունից։
Ախալքալաքում մարդիկ բողոքում են նաև, որ քնությունը կլինի իրական պայմաններում, սակայն նրանք այստեղ սովորելու տեղ չունեն։ Չկա ավտո դպրոց, որտեղ ցանկացողները կկարողանան վարել սովորել և քննությունը հանձնել: Մի քանի ժամ մեքենա վարել սովորելու համար պետք է հասնեն Ախալցիխե, սակայն այնտեղ էլ միայն սովորեցնում են գործնական մասը: Շատերը կարծես հետ են կանգնում վարորդական իրավունք ունենալու իրենց ցանկությունից, քանի որ կանգնում են շատ բարդությունների առջև։
Գայանե Ակոջյան