Ախալցիխեի «Իմեդի» հիվանդանոցի բժիշկ Վիոլետա Ինասարիձեն, որին մեղադրանք է առաջադրվել պատվաստումից հետո մահացած բուժքույր Մեգի Բաքրաձեի գործով, խոստովանել է, որ նրան բժշկական օգնություն չի ցուցաբերել, քանի որ նրա ռեակցիան համարել է «հուզական»: Այս մասին Ինասարաիձեն հայտնել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը:
Առաջին ցուցմունքում բժիշկ Ինասարիձեն պնդում էր, որ նա Մեգի Բաքրաձեին ադրենալին է ներարկել, երբ վերջինս իրեն վատ է զգացել: Ինչպես պարզվել է ավելի ուշ, բժիշկը Բաքրաձեին ոչ մի դեղորայք չի տվել:
«Ես կարծում էի, որ դա ուղղակի ռեակցիա է, զուտ հուզական ֆոնի վրա, ես դա բազմիցս տեսել եմ, դա սովորական բան է: Նա զգացմունքային անձնավորություն էր, և ես համարում էի, որ իրավիճակը տագնապալի չէր», – ասել է Ինասարիձեն իր ցուցմունքում:
Քննիչի հարցին, թե բժիշկն ինչ կոնկրետ գործողություններ է ձեռնարկել Բաքրաձեի հետ կապված, Ինասարիձեն պատասխանել է, որ նա «ոչինչ չի արել»:
«Կարելի է ասել, որ ես ոչինչ չեմ արել, պարզապես հարցրել եմ, թե ինչպես է նա իրեն զգում և հանձնել եմ նրան հուսալի մարդու ձեռք… Ոչ, ես նրան ոչինչ չեմ արել, քանի որ կարծում էի, որ դա հարկավոր չէ, ես չէր կարծում, որ դա անաֆիլաքսիայի մասին է հուշում», – բացատրել է Ինասարիձեն:
Իր ցուցմունքում Ինասարիձեն նշում է նաև, որ ըստ ուղեցույցի, բժշկի գործառույթում ընդգրկված չէ նախքան պատվաստումը զննել հիվանդին: Բժիշկը լրացնում է հարցաթերթիկը և հարցնում պատվաստվողների առողջական վիճակի մասին, իսկ եթե ստացված տեղեկատվությունը կասկածելի է թվում, բժիշկը զննում է հիվանդին, և միայն այն դեպքում, եթե կարծում է, որ պատվաստումը վտանգավոր չէ, ներարկում է այն:
Հարցին, թե պատվաստման պահին Բաքրաձեի մարմնի ջերմաստիճանն որքան է եղել, Ինասարիձեն պատասխանել է, որ ինքն անձամբ է չափել է նրա ջերմությունը, և նա ունեցել է 36,7:
Բժիշկը ընդգծել է, որ Մեգի Բաքրաձեն չի ունեցել այնպիսի նշաններ, որ պատվաստումը կարող էր լուրջ բարդություն առաջացնել նրա մոտ:
Մինչդեռ Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայի տնօրեն Գիորգի Բարձիմաձեն բացատրում է, որ բժիշկները հետաքննությանը սխալ տեղեկություններ են հաղորդել սթրեսային վիճակի պատճառով:
Նա շեշտել է, որ մեղադրական եզրակացությունը դեռ չի նշանակում, որ բժիշկների մեղքն ապացուցված է: Բացի այդ, նա կարծում է, որ Բաքրաձեի նկատմամբ ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները:
«Այս մարդիկ այժմ էլ գտնվում են սթրեսային վիճակում, և այն ժամանակ էլ էին սթրեսային վիճակում գտնվում: Գուցե այդ ժամանակ նրանք ինչ-որ բան ասել են, իսկ հետո արդեն ճշտել են: Օգնությունը ցուցաբերվել է ժամանակին: Ենթադրությունների մասին ես չեմ կարող խոսել: Տեսնենք, թե երբ կավարտվի փորձաքննությունը: Գոյություն ունի ոչ միայն դատախազություն, այլ նաև Կարգավորող մարմին, փորձագիտական եզրակացություն, ովքեր հետաքննություն են իրականացնում», – ասել է Բարձիմաձեն:
Առողջապահության փոխնախարար Թամարա Գաբունիան հայտարարություն է արել այս հարցի շուրջ: Ըստ նրա՝ մտահոգիչ է, որ բժիշկները հետաքննությանը տվել են ոչ ճիշտ տեղեկություններ, որոնք չեն արտացոլել իրական պատկերը:
«Նման կեղծ ցուցմունքը ցանկացած պարագայում, ինչպես իրավաբանորեն, այնպես էլ մասնագիտական առումով, անընդունելի է: Կարգավորող գործակալությունն իր հերթին կշարունակի աշխատել փաստերը պարզելու առումով և դրանց հիման վրա փորձագիտական եզրակացության միջոցով կունենանք հիմք ասելու` դա բժիշկների սխալն էր, թե ոչ», – ասել է Գաբունիան:
Մեգի Բաքրաձեի ընտանիքի անդամներն էլ ասում են, որ իրենք հենց սկզբից գիտեին, որ նրան ժամանակին բժշկական օգնություն չեն ցուցաբերել: Մեգի Բաքրաձեի ամուսինը պահանջում է, որ կլինիկայի ղեկավարությունը ենթարկվի պատասխանատվության և պնդում է, որ հետաքննությունը ճիշտ չի տարվում:
Վրաստանի Գլխավոր դատախազությունը Ախալցիխեի կլինիկայի բուժքույր Մեգի Բաքրաձեի մահվան գործով մեղադրանք է առաջադրել նույն կլինիկայի երկու բժշկի և մեկ բուժքրոջ:
Ախալցիխեցի 27-ամյա բուժքույրը մահացել էր մարտի 19-ին՝ AstraZeneca-ով պատվաստվելուց հետո: Ըստ բժիշկների, նրա մոտ առաջացել էր անաֆիլակտիկ շոկ։ Նրա մահվան ճշգրիտ պատճառը պարզում է փորձաքննությունը: Բաքրաձեի մահը հետաքննվում է որպես «անզգուշությամբ մահի հանգեցում»:
Ըստ դատախազության, այս գործի հետաքննության շրջանակներում հարցաքննվել է կլինիկայի բուժանձնակազմը, այդ թվում՝ երկու բժիշկները և բուժքույրը, ովքեր պատվաստումից հետո Բաքրաձեի վատանալուց հետո Բաքրաձեի կողքին են եղել:
Բոլոր հարցաքննվածները նախազգուշացվել էին կեղծ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության մասին, սակայն բժիշկներից մեկը թաքցրել էր ճշմարտությունը և ասել, որ Բաքրաձեի վիճակի վատթարացումից հետո նրա ղեկավարությամբ իրականացվել են բոլոր անհրաժեշտ բժշկական միջոցառումները, ինչն էլ հաստատել էին մյուս բժիշկն ու բուժքույր:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ այս բժիշկը Բաքրաձեին օգնություն չի ցուցաբերել, և նրան շտապ բուժօգնություն ցուցաբերելիս նա ընդհանրապես հիվանդասենյակում չի եղել:
Ամբաստանյալներն արդեն ընդունել են իրենց մեղքը: