Առողջապահության նախարարությունն անհրաժեշտ չի համարում Աբասթումանիի առողջարանում բուժել թոքախտը և հայտարարում է, որ այս հիվանդությունը պահանջում է բուժում ոչ թե օդով, այլ դեղամիջոցներով: Հետևաբար, միայն ապաքինված մարդիկ կստանան Աբասթումանիի նոր վերականգնողական կենտրոնում լինելու իրավունք:
Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով, ոչ մի գիտական հետազոտություն կամ ապացույց չի հաստատում օդափոխությամբ պալարախտի բուժումը, հետևաբար, դա առասպել է, այլ ոչ թե իրականություն:
«Ցավոք, հասարակության մեջ շրջանառվում է կարծիք, որ օգտակար է, և անհրաժեշտ է տուբերկուլոզը բուժել կլիմայական պայմաններով: Դա կարող է մարդկանց մոլորության մեջ գցել, բայց պետք է իմանալ, որ հիվանդությունը բուժվում է դեղերով: Այն մտածողությունը, որ հիվանդին կարող է օգնել ինչ-որ այլ բան՝ կործանարար է:
Փոխնախարարը գտնում է, որ կարևոր նշանակություն չունի, թե որտեղ կբուժվի տուբերկուլոզով հիվանդը: Նրա իսկ խոսքով, երկիրն անցել է դեղորայքային և ժամանակակից բուժման մեթոդներին, որոնցից մեկը` ամբուլատոր բուժումն է:
«Կարևորն այն է, որ դեղերը ճիշտ տրվի, ամբուլատոր բուժումն էլ նույնպես արդյունավետ կլինի: Մենք համարում ենք, որ ավելի լավ է, որ հիվանդները գոնե մի-փոքր ժամանակ անցկացնեն հիվանդանոցում և բուժվեն ամբուլատոր հիմունքներով»:
Առողջապահության նախարարությունը նշում է, որ Աբասթումանիում տուբերկուլոզի բուժումը հնարավոր չի լինի, և միայն ապաքինված մարդիկ կստանան Աբասթումանիում կառուցվող նոր վերականգնողական կենտրոնում գտնվելու իրավունք: Նախարարությունը ծրագրեր չունի հին շենքի առումով, որտեղ դեռևս տեղակայված է տուբերկուլոզի հիվանդանոցը:
«Մենք վաղուց արդեն գիտենք, որ այս շենքը անհամատեղելի է բժշկական նպատակների համար, մենք երբեք չենք ունեցել նպատակ այն օգտագործել այլ նպատակներով, և հիմա էլ նման ծրագիր չկա»:
Թոքախտի դեղորայքային բուժման մեթոդների մասին խոսում են նաև Տուբերկուլոզի և թոքերի հիվանդությունների ազգային կենտրոնում: Նրա ներկայացուցիչ Նանա Քիրիան «Հարավային դարպասի»-ի հետ զրույցում պարզաբանել է, որ «հակատուբերկուլոզային դեղամիջոցների սինթեզից հետո աշխարհը հրաժարվել է թոքախտի բուժման կլիմաթերապևտիկ մեթոդից: Հաստատված է, որ կլիմայաթերապիան տուբերկուլոզի ապաքինման չի հանգեցնում: Լիովին բուժումը հնարավոր է միայն տուբերկուլոզի դեմ դեղորայքի միջոցով, որոնք մարդու մարմնում ոչնչացնում են հիվանդության հարուցիչին:
Կենտրոնի տվյալներով, վերջին տարիների համեմատ վերջին տարիներին թոքախտով հիվանդների թիվը զգալիորեն նվազել է, և դա բուժման նոր մեթոդների արդյունք է:
Այս կենտրոնը հաշվարկված է 250 հոգու համար, և ներկայումս բուժվում է 160 հիվանդ: Նրանցից վեցը մի քանի օր առաջ տեղափոխվել են Աբասթումանիի տուբերկուլոզային հիվանդանոցից:
Ինչ վերաբերում է Սամցխե-Ջավախքին, Առողջապահության հանրային կենտրոնի տվյալներով, 2019 թ. հայտնաբերվել է տուբերկուլոզի երեք նոր դեպք, որոնցից երկուսը Ախալցիխեում, մեկը` Բորժոմիում: Այլ մունիցիպալիտետներում ոչ մի դեպք չի արձանագրվում:
2018 թվականին 14 դեպք է արձանագրվել երեք մունիցիպալիտետներում՝ Ախալցիխեում, Ադիգենիում և Բորժոմիում, իսկ Ասպինձայում, Ախալքալաքում և Նինոծմինդայում՝ ոչ մի: Ասպինձայում վերջին երեք տարիների ընթացքում հիվանդության ոչ մի դեպք չի արձանագրվել:
Հասարակական առողջապահության կենտրոնները հայտնում են, որ անցյալ տարիների համեմատ հիվանդության հայտնաբերումը կրճատվել է:
Այսօր Վրաստանում, բացի Աբասթումանիից, թոքախտը ստացիոնար կարելի է բուժել՝ Թբիլիսիում, Բաթումիում, Զուգդիդիում, Քութայիսիում և Փոթիում:
Հիշեցնենք, որ Աբասթումանիի տուբհիվանդանոցը դադարեցրել է հիվանդների ստացիոնար բուժումը և անցել ամբուլատոր բուժման: Այստեղ գտնվող 25 հիվանդներից 7-ին տեղափոխել են ստացիոնար, իսկ մնացած 18-ին` ամբուլատոր բուժման: Տուբդիսպանսերի տեղում վրացի օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին նախատեսում է կառուցել ժամանակակից հյուրանոց: 100 տեղանոց (մահճակալով) նոր բուժկենտրոնը կկառուցեն այլ վայրում: Այնտեղ տուբերկուլոզով հիվանդների համար նախատեսված կլինի ընդամենը 30 տեղ: