Այսօր, օգոստոսի 27-ին ազգային ուսումնական կենտրոն <<Կրծանիսիում>> բացվել է ՆԱՏՕ-ի և Վրաստանի համատեղ գնահատման և ուսումնավարժական կենտրոն: Բացման արարողության ժամանակ Վրաստանի վարչապետը նշեց, որ կենտրոնը ուղղված չի լինի որևէ հարևան երկրի դեմ:

Կենտրոնը պաշտոնապես բացեցին Վրաստանի վարչապետ` Իրակլի Ղարիբաշվիլին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար` Յենս Ստոլտենբերգը:

Բացման ժամանակ ելույթի խոսքով հանդես եկան` Պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, երկրի նախագահ և գերագույն գլխավոր հրամանատար Գիորգի Մարգվելաշվիլին:

Բացման արարողությանը ներկա էին նաև Վրաստանի գործադիր և օրենսդիր մարմինների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

Ինչպես հայտարարեց Վրաստանի վարչապետ` Իրակլի Ղարիբաշվիլին, ՆԱՏՕ-ի և Վրաստանի համատեղ ուսումնավարժական կենտրոնի գործնեությունը ուղղված չի լինի որևէ հարևան երկրի դեմ:
«Ավելին, այն կծառայի անվտանգության ամրապնդման, կայունության և խաղաղության հաստատմանը տարածաշրջանում: Այս կենտրոնը իր էությամբ և գործառույթով կնպաստի հենց միջազգային անվտանգությանը: Եվ կարևորը` այն կբարձրացնի մեր զինվորների որակավորման մակարդակը»,- հայտարարեց Ղարիբաշվիլին:

Վարչապետը ավելացրեց նաև, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում մտադիր է պահպանել պրագմատիկ և կառուցողական մոտեցում:
«Մենք շարունակում ենք երկխոսությունը, մենք ունենք երկխոսություն առևտրա-տնտեսական հարաբերությունների տեսանկյունից, և մենք մտադիր ենք պահպանել այս պրագմատիկ և կառուցողական մոտեցումը», – ասաց վարչապետը:

Իր հերթին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը` Յենս Ստոլտենբերգը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ի և Վրաստանի համատեղ գնահատման և ուսումնավարժական կենտրոնը կօգնի Վրաստանին 21-րդ դարի մարտահրավերների դեմ պայքարին, կենտրոնը ոչ միայն կօգնի Վրաստանի զինված ուժերին դառնալ ավելի ժամանակակից և մարտունակ, այլ շատ կարևոր կլինի նաև դաշնակցային ուժերի նախապտրաստման համար:

«Վրաստանի ու ՆԱՏՕ-ի այլ գործընկերների մոտ հավաքվել է մեծ փորձ աղվանական առաքելության ժամանակ այն հարցում, թե ինչպես պետք է համագործակցել: Ելնելով այլ միջոցառումներից, ապագայում համագործակցությունը կխորանա: Վրաստանը կդառնա ավելի ներդաշնակ ՆԱՏՕ-ին, Հյուսիսատլանտյան դաշինքն էլ իր հերթին ավելի շատ ներկայացված կլինի Վրաստանում: Վրաստանի ներդրումը միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ավելի կմեծանա»,- ասաց Յենս Ստոլտենբերգը:

Էդիտա Բադասյան