Փոնիճալայում, Կարմիր կամրջի մայրուղում և Լիլոյում ոստիկանությունը բերման է ենթարկել 10 թմրավաճառի, առգրավել մինչև 7 կիլոգրամ հերոին:
Վրաստանի ՆԳՆ Կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի փոխտնօրեն Գիորգի Լիլուաշվիլիի խոսքով՝ անձնական խուզարկության, ձերբակալվածների տները խուզարկելու ժամանակ, ոստիկանությունը որպես իրեղեն ապացույց առգրավել է գումար և բջջային հեռախոսներ:
«Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ՆԳՆ Կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի և Գլխավոր դատախազության համատեղ օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում ձերբակալվել է 10 անձ: Ռ.Ա.-ն՝ ծնված 1988 թվականին, Խ.Պ.-ն՝ ծնված 1973 թվականին, Է.Է.-ն՝ ծնված 1996 թվականին, Ռ.Է.-ն՝ ծնված է 1971 թվականին՝ Գ.Տ.-ն՝ ծնված 1985 թվականին և Ի.Ջ.-ն՝ ծնված 1996 թ.-ին մեղադրվում են թմրանյութերի ապօրինի ձեռքբերման, պահման և իրացման մեջ:
Հանցագործության համար նախատեսված է 8-ից 20 տարի կամ անժամկետ ազատազրկում:
Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալները պարբերաբար թմրանյութեր են վաճառել: Դատավորի որոշման հիման վրա իրավապահները մի քանի անգամ մեղադրյալներից իրականացրել են հերոին թմրանյութի փորձնական գնումներ և կան այդ գնումների թաքնված տեսա-ձայնագրությունները:
Ինչ վերաբերում է 2001 թ.-ին ծնված Ի.Ի.-ին և 1988 թ.-ին ծնված Գ.Ա.-ին, ապա իրավապահները նրանց բերման են ենթարկել Կարմիր կամրջի մայրուղու վրա այն ժամանակ, երբ նրանք առանձնապես մեծ քանակությամբ թմրամիջոց հերոին էին տեղափոխում մեքենայով:
Անձնական խուզարկության և ձերբակալվածների ավտոմեքենայի զննության ժամանակ ոստիկանությունը որպես իրեղեն ապացույց առգրավել է թմրամիջոց հերոին՝ առանձնապես մեծ չափերով՝ մոտ 6 կիլոգրամ:
Ապօրինի գնման միջոցով մի խումբ անձանց կողմից հատկապես մեծ չափով թմրամիջոցի ապօրինի ձեռքբերման, պահպանման և իրացման փաստերի հետաքննությունն իրականացվում է Վրաստանի ՔՕ 260-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» և «բ» ենթակետերի, 4-րդ մասի և 6-րդ մասի «ա» ենթակետի համաձայն», – նշում է Գիորգի Լիլուաշվիլին:
Թբիլիսի-Ռուսթավի-Կարմիր կամուրջ ավտոճանապարհին, դատարանի որոշման հիման վրա, իրավապահները անձնական խուզարկություն են կատարել 1967 թվականին ծնված Է.Ֆ.-ի նկատմամբ, որի արդյունքում որպես իրեղեն ապացույց առգրավվել է հերոին տեսակի թմրանյութ և գումար:
Ոստիկանությունը բերման է ենթարկել ևս մեկ անձի՝ Լիլոյի շուկայում թմրահանցագործության պատրվակով: Մեղադրյալի կարգավիճակով ձերբակալվել է 1960 թվականին ծնված Զ.Բ.-ն: Նրա անձնական խուզարկության արդյունքում որպես իրեղեն ապացույց առգրավվել է մինչև 1 կգ հերոին պարունակող թմրանյութ:
Հետաքննությունը տարվում է Վրաստանի ՔՕ 260-րդ հոդվածի 6-րդ մասի «ա» ենթակետով: