Վրաստանում արտակարգ դրությունը վերացվել է ժամանակին, ուստի սահմանադրական փոփոխությունների ընդունումը և ընտրությունների անցկացումը չի հետաձգվի: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
«Արտակարգ դրությունը չեղարկվել է ժամանակին, հետևաբար, ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, սահմանադրական փոփոխությունների ընդունումը և ընտրությունների անցկացումը չի հետաձգվի», – այսօր ասել է Զուրաբիշվիլին Վազիանիի ռազմաբազայում ելույթ ունենալիս, որտեղ երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն այսօր նշում էին Անկախության օրը:
Ընտրական օրենսդրության և սահմանադրության մեջ փոփոխությունների օրենսդրական նախաձեռնությունը խորհրդարանում գրանցվել էր մարտի 11-ին: Համաձայն փոփոխությունների՝ նոր ընտրական համակարգում փոփոխվում են ընտրատարածքների քանակը, կուսակցությունների համար անցողիկ ընտրաշեմը և խորհրդարանում տեղերի բաշխման համակարգը:
2020 թվականի հոկտեմբերի 31-ին խորհրդարանական ընտրությունների անցկացումը նոր ընտրական համակարգով հանդիսանում է Վրաստանի համար միջազգային հանրության հիմնական պահանջներից մեկը:
Վրաստանում, փոփոխությունների արդյունքում միամանդատ մեծամասնական ընտրատարածքների թիվը 73-ից կնվազի՝ հասնելով 30-ի, իսկ կուսակցությունների համար անցումնային ընտրաշեմը կնվազի 5%-ից մինչև 1%, իսկ ընտրությունների արդյունքներից հետո կուսակցության կամ դաշինքի կողմից ստացված տեղերի քանակը կախված կլինի միամանդատ ընտրատարածքներում ընտրությունների արդյունքներից հետո ստացված տեղերից: Կուսակցությունը կամ դաշինքը, նույնիսկ բոլոր մեծամասնական ընտրատարծքներում տարած հաղթանակի դեպքում, կկարողանա ստանալ ընտրությունների արդյունքից հետո միայն մեկ չորրորդ մանդատից ավելի, քան ենթադրվում է ստանալ համամասնական ընտրությունների արդյունքների հիման վրա:
Վրաստանում, կորոնավիրուսային համավարակի պատճառով՝ մարտի 21-ից մայիսի 22-ը ուժի մեջ էր արտակարգ դրությունը, որի ընթացքում խորհրդարանը կառավարությանը իրավունք էր տվել սահմանափակել քաղաքացիների սահմանադրական իրավունքները:
Մայիսի 23-ին երկիրը վերադարձավ իր նորմալ ռեժիմին՝ թողնելով միայն մի շարք սահմանափակումներ, որոնք չեն տարածվում քաղաքական գործունեության վրա, և այժմ խորհրդարանը նախատեսում է սկսել Վրաստանի սահմանադրական փոփոխությունների քննարկումը ընտրական համակարգի վերաբերյալ:
Կորոնավիրուսային համավարակի պատճառով սահմանադրական փոփոխությունների քննարկումը տեղի կունենա հեռակա կարգով, ենթադրաբար, հաջորդ շաբաթվանից:
Խորհրդարանական ընդդիմությունը, որը դիվանագիտական կորպուսի միջնորդությամբ կարողացավ իշխանություններին ստիպել ստորագրել նոր համակարգով ընտրություններ անցկացնելու մասին հուշագիր, այժմ պահանջում է իրականացնել մարտի 8-ի պայմանավորվածության այն մասը, որը վերաբերում է «քաղբանտարկյալների ազատ արձակմանը»: Վրաստանի նախագահն արդեն ներում է շնորհել նախկինում դատապարտված ընդդիմության առաջնորդներ Գիգի Ուգուլավային և Իրակլի Օքրուշավիլիին: Այնուամենայնիվ, ընդդիմադիր «Մթավարի» հեռուստաընկերության հիմնադիր և ներդրող Գիորգի Ռուրուան, որը ձերբակալվել էր 2019-ի նոյեմբերին ապօրինի զենք պահելու մեղադրանքով, դեռևս գտնվում է բանտում:
Եթե կառավարությունը չի պահպանում համաձայնության պայմանները, ընդդիմությունը չի բացառում, որ կշարունակի բոյկոտել խորհրդարանի նիստերը:
Մինչդեռ սահմանադրական փոփոխությունների ընդունման համար անհրաժեշտ է 112 ձայն, իսկ իշխող կուսակցությունն ունի ընդամենը 95, ուստի նրան պետք է ընդդիմության գոնե մի մասի աջակցությունը: