Ախալքալաքում սկսել է գործել կանանց և երեխաների խորհրդատվական կենտրոն, նրանց համար, ովքեր ունեն հիմնախնդիրներ ընտանիքում կամ իրենց շրջապատում: Այժմ խորհրդատվությունները տրվում են ինտերնետով, բայց սպասվում է նաև գրասենյակի բացում:
Խորհրդատվական կենտրոնը ստեղծվել է ոչ կառավարական «Սամցխե-Ջավախքի կանայք խաղաղ Վրաստանի համար» կազմակերպության և էստոնական ոչ կառավարական “Kodaniku koolitus” և “Eesti Abikeskused” կազմակերպությունների համագործակցության արդյունքում` Էստոնիայի Արտաքին գործերի նախարարության Զարգացման և մարդասիրական օգնության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:
Կենտրոնում տալիս են խորհրդատվություն, օգնում են անձնական հիմնախնդիրների և երեխաների հետ դժվարությունների դեպքում: Կենտրոնում գաղտնիությունը ապահովվում են: Խորհրդատուները կօգնեն հարթել ամուսնու, ծնողների, համադասարանցիների կամ էլ մանկավարժների հետ հարաբերությունները, կօգնեն նաև ավելի լավ հասկանալ իրենց զգացմունքները և երազանքները, հաղթահարել վատ տրամադրությունն ու տխրությունը: Մարդիկ, ովքեր կդիմեն օգնության, կարող են քննարկել անձնական հիմնախնդիրներ և իմանալ, թե ուր դիմեն բարդ իրավիճակներում:
«Խորհրդատվական կենտրոնի ստեղծման գաղափարը ի հայտ է եկել էստոնական կազմակերպության հետ համագործակցության հիման վրա: Մենք ունեինք այլ` գենդերային հավասարության վերաբերյալ նախագիծ: Այդ հանդիպումների արդյունքում էլ, մենք եկանք այն եզրակացության, որ մեզ մոտ պետք է ստեղծել կանանց և երեխաների օգնության խորհրդատվական կենտրոն: Մենք վերցրինք էստոնացիների ունեցած փորձը: Այս ուղղությամբ մենք աշխատում ենք արդեն մեկ տարի, իրենք եկել էին մեզ մոտ` մենք եղանք Էստոնիայում: Ժամանել էին բարձր որակավորում ունեցող մասնագետներ ու մարզիչներ, ովքեր սովորեցրին մեր խորհրդատուներին, թե ինչպես աշխատել խորհրդատվական կենտրոնում: Դրանից հետո` մենք եղանք իրենց կենտրոնում, տեսանք ամեն ինչ գործնականում», – պատմում է ոչ կառավարական «Սամցխե-Ջավախքի կանայք խաղաղ Վրաստանի համար» կազմակերպության տնօրեն Նազելի Դեմիրճյանը:
Այժմ խորհրդատվությունները հնարավոր են www.jconfidence.ge կայք-էջում, ավելի ճշգրիտ sos.jconfidence@gmail.com էլեկտրոնային հասցեով և sos.jconfidence սկայպի օգնությամբ: Խորհրդատուները պատասխանում են 24 ժամվա ընթացքում:
«Դեռևս կաշխատի միայն կայք-էջը և սկայպը, հետագայում մենք մտադիր ենք բանալ գրասենյակ, ուր կարող են հաճախել իրենց հիմնախնդիրներով», – ասում է Նազելի Դեմիրճյանը:
Խորհրդատվական կենտրոնը առաջարկում է անվճար ծառայություններ երեխաներին ու կանանց, ինչպես նաև այն մարդկանց, ում կարծիքով իրենց շրջապատում կան կանայք և երեխաներ, ում նկատմամբ կիրառվել է բռնություն, կամ հայտնվել են դժվար իրավիճակի մեջ:
Կենտրոնում աշխատում են 2-3 խորհրդատու, ում ինքնությունը պահվում է գաղտնի, որպեսզի դիմողները չամաչեն:
«Այն ժամանակից, ինչ բացվել է մեր կայքը, մեզ էլեկտրոնային փոստի միջոցով հասել է մի քանի նամակ: Նրանք ստացել են կոնկրետ պատասխաններ ու բավարարվել են», – ասում է Նազելի Դեմիրճյանը: