Սոցիալական արդարության կենտրոնի փաստաբաններն այսօր՝ փետրվարի 28-ին, անվճար իրավաբանական խորհրդատվություն անցկացրեցին տեղի բնակիչներին իրենց իրավական հարցերի վերաբերյալ: Հանդիպումը կայացավ JNEWS-ի գրասենյակում:

Խորհրդատվական հանդիպումներն անցկացվեցին «Միասնություն բազմազանության մեջ» նախագծի շրջանակներում, որն իրականացնում է ՄԱԿ-ի Ասոցիացիան Վրաստանում՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ:

Սոցիալական արդարության կենտրոնի համակարգող Տիգրան Թարզյանը JNEWS-ի հետ զրույցում հաղորդեց հետեւյալը.

«Երբ նրանք սկսեցին աշխատել Նինոծմինդայում, սկսեցին ուսումնասիրել ոլորտն Ախալքալաքում: Եղել են գրեթե 35 գյուղերում, որտեղ ուսումնասիրել են, թե գյուղերում ինչ խնդիրներ կան: Եվ վերջում պարզ դարձավ, որ հողերի գրանցման հետ կապված խնդիրներ կան՝ կապված սոցիալական ծառայությունների, մատչելիության և այլնի հետ։ Եղել են նաև ընտանեկան բռնության հետ կապված դեպքեր, սակայն այդ մասին բացեիբաց չի խոսվել։ Այսպիսով, գաղափար ծնվեց՝ տեղի բնակիչներին անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերելու: Եվ դա ոչ թե այնպես, որ 5-10 րոպե հանդիպել և խորհրդակցել, այլ լսել այս խնդիրները և անհրաժեշտության դեպքում ուղղորդել, թե ինչպես կարելի է այդ խնդիրները լուծել դատարանի կամ պետական այլ մարմինների օգնությամբ»,- ասում է Տիգրան Թարզյանը:

Նրա խոսքով, հանդիպումները կկազմակերպվեն նաև գյուղերում՝ առաջին փուլում Փարվանայում (Նինոծմինդայի մունիցիպալիտետ), Մաջադիայում, Սամսարում, Խավեթում (Ախալքալաքի մունիցիպալիտետ):

Այսօր բնակիչները դիմել են հիմնականում քաղաքացիության, հողերի գրանցման և սեփականաշնորհման, հողերի վարձակալության, տների գրանցման և մի քանի այլ հարցերով։

Իրավաբանական օգնություն կտրամադրվի նաև էթնիկ և կրոնական խտրականության, ոստիկանության ոչ պատշաճ վարքագծի, քաղաքացիության, հողերի գրանցման, ընտանեկան բռնության և հարկադիր ամուսնության հետ կապված խնդիրների դեպքում։

Սոցիալական արդարության կենտրոնը մարդու իրավունքների և սոցիալական արդարության կազմակերպություն է, որը, ի թիվս այլ հարցերի, զբաղվում է սոցիալական իրավունքներով և իրավահավասարության քաղաքականության հարցերով: