Թբիլիսիում, Բաթումիում, Ռուսթավիում և Քութայիսիում արձանագրվել է օդի աղտոտիչների` փոշու կոշտ մասնիկների և ազոտի երկօքսիդի բարձր համակենտրոնացում: Այս մասին հաղորդում է Վրաստանի Հանրային հեռուստաընկերությունը:
Աղտոտման համակենտրոնացումը գրանցվել է Թբիլիսիում՝ հունիսի 18-ից հունիսի 24-ը, Ծերեթելիի պողոտայում, Ագլադաձեի փողոցում և Կազբեգիի պողոտայում: Բաթումիում օդի աղտոտումը նորմայից բարձր նկատվել է Աբուսերիձեի փողոցում:
Վրաստանի 25 քաղաքներում տեղադրված են օդում աղտոտիչների կոնցենտրացիայի չափման սարքեր: Մասնագետները պարբերաբար տարբեր օդի աղտոտիչների նմուշներ են վերցնում՝ ազոտի և ծծմբի երկօքսիդների, օզոնի և բենզոլի:
Ազոտի երկօքսիդը թունավոր գազ է, որը կարող է թունավորում առաջացնել: Թունանյութը կարող է հանգեցնել ինչպես օրգանիզմի կարճաժամկետ քայքայման (արտահայտվում է գիտակցության ժամանակավոր շփոթությամբ, շնչառական ընկճվածությամբ), այնպես էլ երկարատև ազդեցությամբ:
Անցյալ շաբաթ փորձագետները Թբիլիսիի չորս վայրերից օդի նմուշներ են վերցրել` որոշելու կապարի մակարդակը: Նմուշները ուղարկվել են Շրջակա միջավայրի գործակալության լաբորատորիա: Արդյունքները ցույց են տվել, որ Թբիլիսիի բոլոր չորս տեղերում կապարի պարունակությունը չի գերազանցել սահմանված չափը: