Մեկ տարվա ընթացքում Վրաստանում ծխելու հետևանքներից մահացել է մոտ 11,4 հազար մարդ: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի (NCDC) ոչ վարակիչ հիվանդությունների բաժնի պետ Լելա Ստուրուան:

Մայիսի 31-ը Առանց ծխախոտի համաշխարհային օրն է: Այս տարվա համաշխարհային օրվան նվիրված արշավը կոչված է ցույց տալու գոյություն ունեցող սխալ պատկերացումների անկարողությունը և պատմելու ծխախոտային և նիկոտինային արտադրատեսակներ արտադրողների կողմից օգտագործվող մանիպուլյատիվ տեխնիկայի մասին:

Ըստ Ստուրուայի, համաճարակի պատճառով, բոլորովին այլ ոլորտներում աշխատող ընկերությունները փորձել են դիվերսիֆիկացնել իրենց արտադրանքը՝ արտադրելով պաշտպանիչ դիմակներ և ախտահանման միջոցներ: Ծխախոտային արդյունաբերությունը դարձել է այն քիչ ոլորտներից մեկը, որն իր աշխատանքում ոչինչ չի փոխել:

«Ծխախոտի արդյունաբերությունը ոչինչ չի փոխել և ավելի է ամրապնդել իր շուկայավարման և լոբբիստական գործունեությունը: Մենք հասկանում ենք, որ շատ երկրներ, հատկապես ցածր և միջին եկամտային ցուցանիշներ ունեցող երկրները եկամուտներ են ստանում ծխախոտի արդյունաբերությունից, բայց դա չպետք է հանգեցնի այն փաստի, որ աշխարհում ութ միլիոն մարդ մահանում է ծխախոտի օգտագործումից, իսկ Վրաստանում՝ 11.4 հազար մարդ», – ասել է Ստուրուան առցանց ռեժիմով մամուլի ասուլիսի ընթացքում:

Նա հավելել է, որ Վրաստանում ամեն չորրորդ մարդը մահանում է ծխախոտի օգտագործումից: Մինչդեռ երկրում, պասիվ ծխելուց տարեկան մահացությունը հասնում է 3 հազարի, որից 300-ը` երեխաներ են:

NCDC-ի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն իր հերթին առասպել է անվանել այն տեղեկությունը, որ ծխախոտն իբր նվազեցնում է կորոնավիրուսային վարակի ռիսկը: Նա շեշտել է, որ ծխելը վնասում է թոքերին, հետևաբար միայն սրում է իրավիճակը, երբ ծխողը վարակվում է:

«Այն տեսակետը, որ նիկոտինը պաշտպանիչ ֆունկցիա ունի կորոնավիրուսի դեմ, առասպել և հնարք է: Ոչ մի ապացույց չի հաստատել դա: Հետևաբար, ես շատ եմ խնդրում ձեզ, այս թեմայի շուրջ քննարկումներ մի արեք: Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ հակառակը՝ ծխախոտը բարդացնում է կովիդ-վարակի ընթացքը», – ասել է Գամղրելիձեն:

2019 թվականի օգոստոսին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Վրաստանը դասակարգել է այն երկրների շարքում, որտեղ ամենամեծ թվով ծխողներ կան: ԱՀԿ զեկույցի համաձայն, Վրաստանում ծխում է բնակչության 33%-ը, 57%-ը՝ տղամարդկանց շրջանում, իսկ 13-15 տարեկան դեռահասների շրջանում` 12.6%-ը:

Հարկ է նշել, որ վերջին տարիներին Վրաստանը հաջողությունների է հասել ծխախոտի սպառման մոնիտորինգի գործընթացում: Բացի այդ, իշխանությունները սկսել են լրատվամիջոցներում ծխելու դեմ քարոզչություն իրականացնել: Արտադրողներին պարտադրել են ծխախոտի տուփի վրա կատարել գրառումներ և փակցնել լուսանկարներ՝ նախազգուշացնելով ծխելու վտանգների մասին:

«Ծխախոտի վերահսկման մասին» օրենքը խստացվել է մի քանի անգամ: 2018 թվականի մայիսի 1-ից ծխելն արգելվում է հանրային վայրերում` բարերում, ռեստորաններում, հյուրանոցներում, սրճարաններում և ցանկացած այլ հասարակական վայրերում: Բացառություն են կազմում բարերի և ռեստորանների բաց վերանդաները կամ տեռասները: