Քաղաքացիական ակտիվիստները, ինչպես նաև ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներն ու կողմնակիցները սեպտեմբերի 3-ի երեկոյան հավաքվել էին Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ՝ բողոքելու Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի թեկնածությունը Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջադրելու դեմ:
Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ցուցարարները գրեթե երեք ամիս պահանջում էին Վրաստանի ՆԳ նախարարի պաշտոնից Գիորգի Գախարիայի հրաժարականը: Նրանք գտնում են, որ Գախարիան պետք է պատասխանատվություն կրի այսպես կոչված «Գավրիլովի երեկոյի»՝ Թբիլիսիի կենտրոնում հունիսի 21-ի լույս 20-ի գիշերը ցույցի ցրման համար: Այն բանից հետո, երբ սեպտեմբերի 3-ին Գախարիան պաշտոնապես ներկայացվեց որպես վարչապետի թեկնածու, քաղաքացիական ակտիվիստները որոշեցին վերադառնալ փողոցային հանրահավաքների ձևաչափին՝ նախատեսված սեպտեմբերի 20-ից ավելի շուտ:
Արդյունքում, Վրաստանի խորհրդարանի աշնանային նստաշրջանն սկսվեց շենքի մուտքի մոտ «ամոթի միջանցքից» և նիստերի դահլիճում սուլոցներով: Ակտիվիստների բողոքի ցույցին միացան «Եվրոպական Վրաստան» կուսակցության քաղաքական գործիչները, ինչպես նաև «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր միավորման ներկայացուցիչները:
Երեկոյան հարյուրավոր մարդիկ հավաքվեցին խորհրդարանի մոտ: Բեմից քաղաքացիական ակտիվիստները կոչ էին անում հանրությանը միանալ բողոքի ցույցերին՝ չնայած արձակուրդային սեզոնին:
«Այսօր մենք ստիպված էինք սկսել լայնածավալ ակցիաները, քանի որ Կառավարության այն կազմը, որը մեզ ներկայացրեց Բիձինա Իվանիշվիլին, հավանաբար ամենավատ սցենարն է, որը կարելի էր մտածել: Մի կողմից նշանակվում է Գախարիան, որի լեգիտիմությունը լիովին կորցված է և նրա վարչապետ լինելն անհեթեթություն է, իսկ մյուս կողմից՝ Ղարիբաշվիլին, որի քաղաքական գինը զրոյից ցածր է: Մի երկիր, որը ձգտում է անդամակցել ՆԱՏՕ-ին, պետք է ուշի-ուշով մոտենա Պաշտպանության նախարար նշանակելու հարցին», – լրագրողներին ասել է հանրահավաքի կազմակերպիչներից մեկը՝ Գիգա Մակարաշվիլին:
Հանրահավաքում հայտարարվել է նաև, որ ամեն երեկո Թբիլիսիում բողոքի ցույց է անցկացվելու Գախարիայի վարչապետ նշանակվելու դեմ: Բացի այդ, քաղաքացիական ակտիվիստները սեպտեմբերի 8-ին ծրագրում են Վրաստանի խորհրդարանի շենքն արգելափակել:
Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները, որոնք միացել են այսօրվա բողոքին, բազմիցս կապել են Գախարիային Ռուսաստանի հետ: Ինչպես հայտնի է, քաղաքական գործիչը բարձրագույն կրթություն ստացել է Մոսկվայում և շարունակում էր Ռուսաստանի Դաշնության քաղաքացի մնալ մինչև 2016 թվականը՝ մինչ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի պաշտոնում նշանակվելը, որտեղից էլ մեկ տարի անց տեղափոխվեց ՆԳ նախարարություն:
Չնայած այն բանին, որ վարչապետի թեկնածուն այլևս չունի Ռուսաստանի քաղաքացիություն, վրացական ԶԼՄ-ները բազմիցս հարցեր են ունեցել այն կապերի վերաբերյալ, որոնք Գախարիան հաստատել է Ռուսաստանում սովորելու և աշխատելու տարիների ընթացքում:
«Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին կուսակցության քաղաքական խորհրդի նիստից հետո պաշտոնապես առաջադրել է Գախարիային վարչապետի պաշտոնում: Իվանիշվիլին հայտարարել է, որ հենց ինքն է առաջարկել այդ թեկնածությունը, քանի որ կարծում է, որ Գախարիան վաստակել է վարչապետի աթոռը՝ տարբեր բարձրաստիճան պաշտոններում ծավալած իր գործունեության շնորհիվ:
Այս հայտարարությունը շատերը երկիմաստ ընկալեցին, քանի որ Գախարիայի օրոք Վրաստանի ՆԳՆ-ն իրականացրել է մի շարք լայնածավալ հատուկ գործողություններ, որոնք երկրում առաջացրել են ուժեղ ռեզոնանս` թբիլիսյան գիշերային ակումբներում տեղի ունեցած ռեյդերից մինչև ոստիկանության և Պանկիսի կիրճի բնակիչների միջև բախումները, որոնք բողոքում էին ՀԷԿ-ի կառուցման դեմ:
Գախարիայի ՆԳՆ-ում լինելու ժամանակ ամենաաղմկալի ակցիան դարձավ հունիսի 21-ի լույս 20-ի գիշերը Ռուսթավելիի պողոտայում ցույցի ցրումը: Ավելի քան տաս հազար մարդ իր բողոքն էր արտահայտում ռուս կոմունիստ-պատգամավոր Սերգեյ Գավրիլովի այցի և Վրաստանի խորհրդարանում ելույթի դեմ:
Գավրիլովը, ով վրացական կողմի հրավերով մասնակցում էր Ուղղափառ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, Վրաստանի խորհրդարանում ելույթ ունեցավ խոսնակի աթոռից, ինչը առաջացրեց ընդդիմության և բնակչության զգալի մասի դժգոհությունը:
Բողոքի ցույցերը վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իրավապահները կիրառեցին արցունքաբեր գազ, մահակներ և ռետինե փամփուշտներ: Այդ ժամանակ մոտ 200 մարդ ընկավ հիվանդանոցներ, այդ թվում՝ ավելի քան 30 լրագրող: Ցուցարարներից երկուսի աչքերը ռետինե փամփուշտներով վնասվեցին:
Ի դեպ, հենց ինքը՝ ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովն այսօր նույնպես մեկնաբանել է Գախարիայի նշանակումը՝ հույս հայտնելով, որ երկրի ապագա ղեկավարը համարձակություն կունենա բանակցություններ վարել Ռուսաստանի հետ՝ համագործակցությունը վերականգնելու համար:
Նյութը՝ «Новости Грузия»-ից
Լուսանկարը Jnews-ի արխիվից