Ախալքալաքի բազմաբնակարան շենքերի մուտքերում օդափոխիչների տեղադրման համար տեղական բյուջեից հատկացվել է 28,000 լարի: Այն կատարվում է շենքերի անվտանգության ապահովության համար, քանի որ բնական գազի հաշվիչները գտնվում են շքամուտքերում:
Ախալքալաքում ավելի քան 30 բազմաբնակարան շենքերի շքամուտքերում տեղադրվելու են օդափոխիչ սարքավորումներ: Երկհարկ շենքերում, որտեղ գազի հաշվիչները տեղադրված են դրսում, օդափոխիչ համակարգեր չեն տեղադրվի: 3-4-5 հարկանի շենքերում գազի հաշվիչները տեղադրված են շքամուտքերում, ուստի գազի բաշխիչ ընկերությունը դիմել է տեղական ինքնակառավարման մարմիններին, որպեսզի նրանք տեղադրեն օդափոխիչներ:
Բազմահարկ շենքերի մուտքերի տանիքներն ու շքամուտքերը համարվում են մունիցիպալիտետի սեփականությունը: Բազմահարկ շենքերում չկան համատիրություններ, որոնք զբաղվեն բնակարանների կառավարմամբ:
«Առանձնատներում տեղադրումը դա սեփականատերերի եւ գազի ընկերության խնդիրն է: Վերջերս վթարները հաճախակի են դարձել, մենք վախենում ենք, այդ իսկ պատճառով անվտանգության համար տեղադրում ենք օդափոխիչներ», – ասում է գույքի եւ նախագծման բաժնի մասնագետ Վահան Բաթոյանը:
Օդափոխիչները կտեղադրվեն յուրաքանչյուր շքամուտքի վերջնահարկում, այնտեղ կլինեն խողովակներ, որոնց միջոցով կկարգավորվի օդը: Ըստ Վահան Բաթոյանի, նախագծերն արդեն պատրաստ են, գումարը հատկացված է, կա նաեւ նախագծի նախահաշվարկը: Շուտով կհայտարարվի նախահաշիվ կազմելու տենդեր մրցույթը: Նախնական հաշվարկներով, մեկ խողովակի տեղադրումը կարժենա մոտավորապես 321 լարի:
Շուշան Շիրինյան