Ախալքալաքի մունիցիպալիտետի Տուրցխ գյուղի եկեղեցու տանիքի վերականգնումը կասեցվել է ավելի քան մեկ ամիս առաջ, քանի որ աշխատանքներ էին իրականացվում առանց թույլտվության: Այս անգամ թույլտվություն տրամադրելու գործընթացը հետաձգվեց Թբիլիսիի իրադարձությունների պատճառով:
Եկեղեցու տանիքը վերականգնելու թույլությունը պետք է տրվի Կրոնի հարցերի գործակալության կողմից:
Սամցխե-Ջավախքում Կրոնի հարցերի գործակալության ներկայացուցիչ Էլվարդ Զազաձեի խոսքով, հունիսի 16-ին նա անձամբ եկել է Ախալքալաք, տեսնելու թե եկեղեցին ինչ վիճակում է գտնվում, լուսանկարել այն և բոլոր նյութերն ուղարկել Թբիլիսի:
Զազաձեի խոսքով, գործընթացը հետաձգվել է Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով, հակառակ դեպքում արդեն պատասխանը կլիներ:
«Ես Թբիլիսիում էի, հանդիպեցի գործակալության ներկայացուցիչների հետ, նրանք աշխատում են դրա վրա, պատասխանը մի քանի օրից կլինի, երբ Թբիլիսիում իրավիճակը կկարգավորվի», – ասում է Էլվարդ Զազաձեն:
Եկեղեցու տանիքը վերանորոգվում է այժմ Ռուսաստանում բնակվող տուրցխեցիների բարեգործական միջոցներով: Տուրցխ գյուղի բնակիչներն ասում են, որ անհրաժեշտ է արագ լուծել թույլտվության հարցը, որպեսզի անձրևների պատճառով եկեղեցու վիճակը չվատթարանա: Վերանորոգման աշխատանքները սկսվել են մայիսի 10-ից հետո, մայիսի 16-ին դրանք արգելվել են Կրոնի հարցերի գործակալության աշխատակիցների կողմից:
Բրատիսլավ Իգիթխանյան