180 գումբուրդոցիներ բողոքում են և պահանջում վերադարձնել իրենց նախնիների ոսկորները, որոնք Վրաստանի մշակութային ժառանգության պահպանման գործակալության հնագետները հայտնաբերել են Գումբուրդոյի եկեղեցու բակում վերջերս կատարված պեղումների ժամանակ: Հնագետները ասում են, որ ոսկորները նորից թաղվել են նույն տեղում:

Հուլիսի 29-ին Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղ են այցելել վրացի հնագետներ և եկեղեցու բակում պեղումներ կատարել: Վրաստանի մշակութային ժառանգության պահպանման գործակալության հնագիտական ծառայության գլխավոր մասնագետ Զուրաբ Գեորգաձեի խոսքով պեղումներն իրականացվել են հնագիտական հետազոտությունների շրջանակներում մինչ եկեղեցու վերանորոգումը: Հնագետները փորել են տվել գծագրով նշված երեք վայր, մոտ 60 սմ խորության վրա հայտնաբերել են մարդկային ոսկորներ:

Պեղումներից մոտ մեկ ամիս անց, օգոստոսի 20-ին Գումբուրդո գյուղի բնակիչները 180 ստորագրությամբ դիմում են ներկայացրել՝ Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանին, վարչության նախագահ Էդուարդ Աղասարյանին, Ախալքալաքի շրջանից ընտրված Վրաստանի խորհրդարանի պատգավոր Սամվել Պետրոսյանին և Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ. Սալբիյանին:

Դիմումի մեջ գումբուրդոցիները իրենց մտահոգությունն են հայտնում հուլիսի վերջին օրերին գյուղի եկեղեցու տարածքում իրականացված գործողությունների վերաբերյալ և պահանջում են շտապ հատուկ հանձնաժողով ստեղծել, որը կուսումնասիրի Սուրբ Համբարձման եկեղեցու շուրջ ստեղծված վիճակը և համապատասխան միջոցներ կձեռնարկի:

Դիմումի մեջ գրված է. «Մեր եկեղեցում անհայտ մարդկանց հրամանով իրականացվում է հողային աշխատանքներ: Մեզ՝ Սուրբ Համբարձման տաճարի գավթում հարազատների գերեզմաններ ունեցողնեիրս առավելապես զայրացրեց վրացի վանդալիստների, սրբապիղծ հնագետների ներկայությունը մայր տաճարում: Ախալքալաքի շրջանի, ներքին գործերի և պետանվտանգության աշխատողների և զինված խմբերի հետ միասին վերոնշյալ անձանց առաջին՝ նախօրոք ծրագրված քայլը, որ նրանք իրականացրին, դա Գիլիզար և Ղազար Խանոյանների, Վարդան Սահարյանի, Պողոս Բոլորչյանի, Վասիլ և Աղվան Գրիգորյանների, Խաչատուր Աբելյանի և գավթում մնացած տապանաքարերի վերացումն ու անհետացումն էր: Քարերի մաքրումից հետո փորեցին գերեզմանները և այնտեղից հանեցին ննջեցյալների կմախքները, դասավորեցին արկղներում և տարան, մեզ համար անհայտ ուղղությամբ:

Մենք՝ գումբուրդեցիներս պահանջում ենք հանրապետության առաջին ղեկավարներից ու հոգևոր առաջնորդներից առանց այլևայլությունների վերադարձնել մեր հարազատների աճյունները Սուրբ Համբարձման տաճարի գավթի գերեզմանոց…»:

Գումբուրդո գյուղի բնակիչ Ղազար Խանոյանի խոսքով եկեղեցու բակում իրականացրած պեղումների արդյունքում հայտնաբերված ոսկորները հնագետները տարել են:

-«Հանել տարել են ոսկորները, որպես թե, այստեղ հայ գոյություն չունի, գտածը ո՞վ կթողնի, մեր մեռելները տարել են, այսպես բան ո՞վ է տեսել, ի՞նչ են ուզում: Եկեղեցի է, թող մնա, հայկական է, վրացական է, թե քրդական կապ չունի, սա մեր եկեղեցին է, պահել ենք ու պահելու ենք, ահա ամբողջ պատմությունը»,- ասաց Ղազար Խանոյանը:

Գյուղի բնակիչները ներկա են եղել պեղումներին: Ի տարբերություն Ղազար Խանոյանի Աշոտն ասում է, որ հայտնաբերված ոսկորները նորից տեղում թաղել են:

-«Ժողովուրդը թույլ տվեց մի պայմանով, որ հենց ժողովուրդը փորելու է, ժողովուրդն էլ փակելու է, ինչ էլ, որ դուրս գա հողի տակից մնալու է տեղում: Իրենք համաձայնվեցին, ասացին՝ մեզ ոչ մի բան չի հետաքրքրում, ուղղակի տեսնենք հիմքերը կան, թե չէ: Փորել են դուրս էր եկել մեռելների ոսկորներ, որը հետո ամենատակը լցրել և թաղել են: Մեկ օր է տևել ամբողջ գործողությունը, առավոտվա ժամը 10-ից մինչև երեկոյան 5-6-ը: Թույլտվության մեջ գրված է, որ փնտրում են հնություն, թե ի՞նչ հնություն են փնտրում, ի՞նչ են անում, չգիտենք, մեր եկեղեցին ինքնին հնություն է»,- պատմեց Գումբուրդո գյուղից ընտրված Ախալքալաքի շրջանային ժողովի պատգամավոր Աշոտ Սահարյանը:

Սամցխե-Ջավախքի պատմության թանգարանի հնագետ Ջումբեր Ջոխելին, ով ներկա է եղել պեղումների ժամանակ ասում է, որ գյուղի բնակիչները ներկա էին և տեսել են, որ ոսկորները թաղել են:

-«Բնակիչները, բոորն էլ այնտեղ էին, և իրենք տեսել են, ի՞նչ են ասում հիմա, նրանք տեսել են, թե ինչպես ենք թաղել ոսկորները: Մեր նպատակն էր գտնել կառույցի արևմտյան մասի պատերի հիմքերը, մենք գտանք: Մեզ պետք էր մաքրել հիմնաքարերը հողից պատի ողջ երկյանքով մեկ, բայց բնակիչները թույլ չտվեցին»,-ասաց նա:

Պեղումների ժամանակ ներկա է եղել ոչ միայն գյուղի բնակչությունը, այլև շրջանի ղեկավարությունը, ոստիկանության և ուժային կառույցների ներկայացուցիչները: Գյուղի բնակիչների խոսքերով հնագետները գյուղի երիտասարդներին 1 000 լարի գումարի դիմաց փորել են տվել:

-«Երկու ջահելի բռնել փորել են տվել, կոնկրետ ցույց են տվել տեղերը, դրանից հետո չեն թողել փակելու մինչև առավոտ, թե գիշերն ինչ են արել, ինչ չեն արել Աստված գիտե, 1 000 լարի տվել են փորելու համար»,- ասաց Աղվանը:

Գումբուրդեցիներին մտահոգում է, որ իրենց գյուղի եկեղեցի են գալիս, ոչ թե աղոթելու, այլ ժողովրդին իրար դեմ տրամադրելու համար:

-«Ժողովրդի մեջ հարց է ծագում, կողքի գյուղերում լիքը քանդված եկեղեցիներ կան, ինչու՞ դրանցով չեն հետաքրքրվում, չեն վերանորոգում: Ինչու՞ հենց Գումբուրդոյի եկեղեցին են գալիս: Այստեղ մեր գերեզմաններն են, մեր սրբությունները, այստեղ մենք աղոթում ենք, մոմ վառում: Ախր չեն գալիս աղոթելու, այլ չգիտեմ ինչ անելու, գալիս փորում-քանդում, ժողովրդին խառնում, պրովոկացիա են անում ու գնում», – ասաց Արարատ Սահարյանը:

Ականատեսները միանշանակ պնդում են, որ տեսել են թե ինչպես են հնագետները ոսկորները դասավորել երկու արկղների մեջ:

-«Ես չեմ տեսել տարել են, թե չէ: Երկու արկղ կար, մեկի մեջ մեկ մարդու ոսկորներ էին, մյուսի մեջ գլուխն էր ու կիսատ կտորներ»,- ասաց մեկ այլ ականատես չցանկանալով ներկայանալ ավելացրեց. – «խնդրում ենք հնագիտական էքսպերտիզա նշանակեն: Թող գան նորից փորեն տեսնենք գտնված ոսկորները տեղում են, թե ոչ: Հիմքի քարը ջարդել տարել են, ու՞ր են տարել, սա առաջին դեպքը չէ, միշտ էլ գալիս փորում տանում են: Մեր եկեղեցուն ռեստավրացիա չի թույլատրվում, սա ճարտարապետական ժառանգություն է, սրբություն է, որը պետք է պահպանենք»:

Գումբուրդոյի լիազոր Արթուր Կուրղինյանը հուլիսի 29-ի առավոտյան տեղեկանալով, որ գյուղի եկեղեցու բակում ինչ-որ մարդիկ պեղումներ են իրականացնում գնացել է եկեղեցի և խնդրել ցույց տալ պեղումների իրականացնելու համար թույլտվությունը:
Արթուրի և գյուղացիների միջամտությամբ անմիջապես դադարեցրել են պեղումները, որից հետո հնագետները զանգահարել են իրենց վերադասին: Ժամեր անց Ախալքալաքի շրջանային վարչությունը էլեկտրոնային նամակ է ստացել, ըստ որի թույլատվում է պեղումներ իրականացնել Գումբուրդոյի եկեղեցում: Ախալքալաքի շրջանի ղեկավարությունն անմիջապես գնացել է Գումբուրդո և միայն գյուղացիների համաձայնությամբ հնագետները կատարել են իրենց գործը:

«Վերջը գյուղացիներին հարցրինք՝ ժողովուրդ ջան այս մարդիկ ուզում են 3 տեղ ֆունդամենտը գտնելու համար փորել, ժողովուրդը հավաքվեց խելք-խելքի տվին, վերջում ասացին՝ թող փորեն, մեզ էլ է հետաքրքիր, թե ինչ կա: Փորեցին երկու ոսկոր դուրս եկավ, նկարել են և նորից թաղել: Մեզ ասացին, որ կուզեն վերանորգել եկեղեցին և իրենք այդ նպատակով են եկել գյուղ»,- պատմեց Արթուր Կուրղինյանը:

Գումբուրդոցիների դիմումին ի՞նչ ընթացք կտրվի, ինչպես նաև նախագիծը, որի համաձայն վերանորոգելու են եկեղեցին jnews.ge լրատվականը հետևողական կերպով կներկայացնի առաջիկայում:

Գումբուրդո գյուղի Սուրբ Համբարձման եկեղեցին կառուցված է 10-րդ դարում: Այսօր եկեղեցին կիսավեր վիճակում է գտնվում: Եկեղեցին կռվախնձոր է դարձել հայերի և վրացիների միջև: Անկախ ամեն ինչից, թե ում է պատկանում 10-րդ դարի այս հոյակերտ տաճարը առաջին հերթին պահպանման կարիք ունի…
Gumburdo 1

DSC_0323

DSC_0290

Gumburdo4

Աղունիկ Այվազյան