Մայիսի 21-ից 25-ն Ախալքալաքում Վրաստանի ռազմավարական վերլուծության կենտրոնը (GSAC) ՆԱՏՕ-ի Հանրային դիվանագիտության դեպարտամենտի աջակցությամբ կյանքի կոչվեց «Էթնիկ փոքրամասնություններն ի պատասխան ապատեղեկատվության և հիբրիդային սպառնալիքների» թեմայով երիտասարդական ծրագիրը։
Ծրագիրը միտված է Ախալքալաքում, Բոլնիսիում և Դմանիսիում բնակվող տեղի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ուսուցիչների և երիտասարդների աջակցմանը:
Ծրագրի շրջանակներում GSAC-ի փորձագետներ՝ Վախթանգ Կապանաձեն և Նատո Բաճիաշվիլին, մի շարք դասընթացներ անցկացրին ապատեղեկատվության և հիբրիդային պատերազմի, ՆԱՏՕ-ի, դրա կառուցվածքի, նպատակների ու գործունեության և շատ ավելիի մասին:
Դասընթացների վերջին օրը Կենտրոնը երեխաների համար խաղ էր կազմակերպել, որտեղ տարբեր ընկերությունների անունից մասնակիցները՝ բաժանվելով խմբերի, պետք է ապատեղեկատվություն հորինեին։ Երիտասարդները շատ գոհ էին դասընթացից, որից հետո ստացան մասնակցության վկայականներ։
«Այս թրեյնինգը իսկապես օգնեց շատ նոր բաներ սովորել, օրինակ՝ մենք շատ բան սովորեցինք ապատեղեկատվության մասին, որ չի կարելի հավատալ յուրաքանչյուր տեսանյութի կամ մեկնաբանության, քանի որ դրանք կարող են սուտ լինել, մենք սովորեցինք վերստուգել: Սա շատ օգտակար կլինի ապագայում, քանի որ դա շատ տարածված է 21-րդ դարում»,- մեկնաբանում է դասընթացի մասնակից, Ախալքալաքի ռուսաց դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Կարինա Գալոյանը։
Ինչպես նշեց դասընթացավար Նատո Բաճիաշվիլին, մենք ապրում ենք հիբրիդային պատերազմների և ապատեղեկատվության դարաշրջանում, և, հետևաբար, նման դասընթացները հույժ կարևոր են։
«Էթնիկ փոքրամասնություններն ի պատասխան ապատեղեկատվության և հիբրիդային սպառնալիքների» ծրագիրը նպատակ ունի ստեղծել էթնիկ փոքրամասնությունների կրիտիկական ստվար զանգված, որը տեղյակ է ապատեղեկատվության և հիբրիդային պատերազմի վտանգների մասին, նաև նրանց տրամադրել համապատասխան տեսական և գործնական գիտելիքներ՝ ապատեղեկատվությունը բացահայտելու և չեզոքացնելու համար, ինչպես նաև բարձրացնել իրազեկությունը Ռուսաստանի ապատեղեկատվական արշավների մասին, որոնք սպառնում են Վրաստանի ժողովրդավարական զարգացմանը և եվրաատլանտյան ինտեգրմանը: