Ախալքալաքի մունիցիպալիտետի 11 գյուղերում արդեն ավարտվել և հանձնվել են “օգնություն գյուղին” ծրագրի աշխատանքները, իսկ մնացած գյուղերում աշխատանքներն ընթացքի մեջ են:

Այս տարի երկամյա ընդմիջումից հետո գյուղին աջակցության ծրագիրը կրկին վերսկսվեց։ Ախալքալաքի մունիցիպալիտետը ծրագրի համար ստացել է 922 000 լարի։ Այս ծրագրով գյուղերում իրականացվում են տարբեր աշխատանքներ, սակայն գյուղերի մեծ մասում այս տարի իրենց գումարները կծախսեն խմելու ջրի համակարգի, ոռոգման համակարգի վերականգնման, ինչպես նաեւ գյուղական ճանապարհների վերականգնման համար:

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի հունիսի 17-ի տվյալներով արդեն ավարտվել եւ հանձնվել են Հոկամ (ոռոգման ջուր, գերեզմանատան ցանկապատ), Կարտիկամ (անասունների համար ջրատար, լուսավորություն), Վարևան (երիտասարդական կենտրոն), Տուրցխ (ճանապարհ), Մերենյա (ոռոգման համակարգ), Մոդեգամ (խմելու ջուր), Օլավերդ (գերեզմանատան ցանկապատ, լուսավորություն), Զակ (լուսավորություն), Բուղաշեն (խմելու ջուր), Տրկնա (լուսավորություն), Օրջա (լուսավորություն): Խավետ, Սուլդա, Էխտիլա, Մաջադիա գյուղերում աշխատանքներն իրականացվել են 95-98% – ով:

Մնացած աշխատանքները դեռ ընթացքի մեջ են։ Աշխատանքները հիմնականում, ուղղակի պայմանագրով, իրականացնում են գյուղացիները։

Շուշան Շիրինյան