«Մի պահ տրակտորը քիչ էր մնում շրջվեր, հղի կնոջ ամուսինն այնքան ուժեղ գոռաց, որ մինչև հիմա ձայնն ականջներումս է: Այդ պահին բոլորս կենդանի պատ կառուցելով հենվեցինք և չթողեցինք, որ տրակտորը շրջվի»,- Jnews-ին պատմեց Սամսար գյուղի երիտասարդներից մեկը:

Մարտի 20-ին լույս 21-ի գիշերը, երբ ուժեղ ձնաբուք էր Փոքր Սամսար գյուղում սկսվել էր հղի կնոջ ծննդաբերությունը, անհնարին էր դարձել կնոջը տրանսպորտով տեղափոխել հիվանդանոց։ Առաջին կանչի ժամանակ, շտապ օգնությունը և փրկարարական ջոկատը Ախալքալաքից մի քանի կիլոմետր առաջանալով դեպի գյուղ չէին կարողացել ճանապարհը շարունակել և հետ էին վերադարձել։

Շտապ օգնության և փրկարարական ջոկատի աշխատակիցները չկարողանալով ձնաբքի միջով անցնել և հասնել Սամսար, գյուղացիներին խորհուրդ են տվել ինքնուրույն ինչ-որ լուծում գտնել:

Իսկ Փոքր Սամսար գյուղում բժիշկ չկա, ով կկարողանար առաջնային օգնություն ցուցաբերել, իսկ Մեծ Սամսարի բուժքույրը փակ ճանապարհի պատճառով նույնպես չէր կարողացել Փոքր Սամսար հասնել: Հղի կնոջ մոտ եղել է գյուղից մի կին, ով բուժքրոջ կրթություն ունի, բայց աշխատանքային փորձ՝ ոչ:

8589

Երկրորդ անգամ շտապ օգնություն և փրկարարական ջոկատ ահազանգելուց հետո, գյուղացիները հուսահատ դիմում են Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանին, ով ոչ միայն համապատասխան տեխնիկա է ուղարկում ճանապարհը բացելու համար, այլև անձամբ է ղեկավարում ձնամաքրման աշխատանքները։

Արդեն կեսգիշերին` մոտավորապես ժամը 3-ի սահմաններում քաղաքապետի նախաձեռնությամբ սկսվում են Սամսար գյուղի ճանապարհի ձնամաքրման աշխատանքները: Սակայն հասնելով գյուղից մոտավորապես 2 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ձոր ձնամաքրող տեխնիկան չի կարողանում այլևս առաջ շարժվել: Եվ սամսարցիները ստիպված են լինում հղի կնոջը տրակտորով հասցնել մինչև ձոր:

«Միակ ելքը կնոջը տրակտորով մինչև ձոր հասցնելն էր, այնքան ցուրտ էր, որ ոչ մեկի տրակտորը գործի չէր ընկնում, մեկն էլ գիշերը գնացել էր բժշկի հետևից և մնացել էր ճանապարհին, մի կերպ կարողացանք Արսենի տրակտորով, որի մեջ էին ծննդաբերողը և ևս 3 կին, մոտ 20-ից ավելի երիտասարդներվ բահերով մաքրելով ճանապարհը հասնել ձոր։ Քամին ու բուքն այնքան ուժեղ էր, որ միմյանց համարյա չէինք տեսնում», – Jnews-ի հետ զրույցում պատմում է Փոքր Սամսար գյուղի երիտասարդներից Վարուժան Ավագյանը:

6789o

Դժվարությամբ, բայց երիտասարդները ի վերջո կարողանում են հղի կնոջը հասցնել մինչև ձոր: Արդեն ձորում փրկարարների հետ կնոջը տրակտորից տեղափոխում են շտապ օգնության մեքենա։

«Տղերքից երկուսը չոքել էին գետնին, որպեսզի հղի կինը կանգնելով իրենց մեջքին կարողացավ տրակտորից իջնել, անտանելի էր շտապ օգնության բժիշկների անտարբերությունը, մեքենայից անգամ չիջան որպեսզի օգնության ձեռք մեկնեն», – պատմում է հղի կնոջ հարազատներից մեկը։

Շտապ օգնությունը կնոջը տեղափոխել է Ախալքալաքի շրջանային հիվանդանոց, իսկ հարազատները փրկարարների օգնությամբ հասել են մինչև Ախալքալաք: Մի քանի ժամ հիվանդանոցում մնալուց հետո, առաջացած բարդությունների պատճառով հարազատները հղի կնոջը տեղափոխել են Թբիլիսի, որտեղ և նա ծննդաբերել է: Նորածին Հակոբի և մայրիկի հետ ամեն ինչ կարգին է, նրանք արդեն Թբիլիսիից վերադարձել են տուն։

1

Նշենք, որ Փոքր Սամսարում տեղի ունեցած ձնաբուքը սարսափի մեջ էր պահում բոլորին։ Տեղի ունեցած ձնաբուքի հետևանքով անանցանելի էր գյուղ տանող ճանապարհը, տեղ-տեղ ձյան հաստությունը հասնում էր մինչև 6 մետրի, մոտ 6 տուն և տասնյակ տեխնիկա մնացել են ձյան հաստ շերտի տակ և մինչև օրս գյուղացիները միմյանց օգնելով ձյան գերությունից ազատում են տներն ու մեքենաները:

Վարդուհի Կուրղինյան