Ախալքալաքի շրջանի Խորենիա գյուղը 140 տնտեսությունով գտնվում է Ախալքալաք-Նինոծմինդա մայրուղուց 2,5 կմ վրա, սակայն բնակիչները համարում են իրենց աշխարհից կտրված, խմելու ջուր ու նորմալ ճանապարհ չունենալու պատճառով։
Ձմռանը լինում է, որ 15 օր շարունակ ճանապարհը փակ է լինում, բնակիչները ստիպված են լինում Ջիգրաշեն գյուղի միջով անցնել Ախալքալաք հասնելու համար։ Բնակիչների խոսքերով, երբ բողոքում են ճանապարհի վերաբերյալ, իրենց պատասխանում են, որ Խորենիան՝ տարածքի միակ գյուղն է, այդ իսկ պատճառով էլ չեն ասֆալտապատում։
“Մեր վիճակը շատ ծանր է, ձմռանը ճանապարհը փակվում է, չեն բացում, այնքան ենք խնդրում, մինչև բացում են։ Իսկ Ախալքալաք գնալը մեր դեպքում պարտադիր է, քանի որ այնտեղից ենք բերում խմելու ջուր”, – ասացին Խորենիայի բնակիչները։
Այս տարի ծրագրով նախատեսված է ճանապարհի 2կմ հատվածի հարթեցում, սակայն ասֆալտապատման ծրագիրը ներկայացված է 2021 թվականի համար, բայց հաստատ ժամկետ չեն կարող ասել, քանի որ դա կախված է բյուջեից։
“Մենք գիտենք Խորենիայի խնդրի մասին, մենք ճանապարհի նորոգումը նախատեսել ենք 2021 թվականին, սակայն պայմանները կարող են փոփոխության ենթարկվել, ինչպես ամեն տարի։ Կարող է ավելի շուտ լինել, կամ ուշ, դա կախված է բյուջեից”, – ասաց Ախալքալաքի քաղաքապետարանի էկոնոմիկայի և պլանավորման բաժնի մասնագետ Վահան Բաթոյանը։
Գյուղում ոչ միայն ճանապարհի խնդիր կա, այլ նաև խմելու ջուր չունեն։ Կա մի աղբյուր և բնակիչները դրանից են օգտվում։ Իսկ անասունների, լվացքի և այլ օգտագործման համար ջրհորներից են օգտվում, սակայն ջրհորներն էլ են արդեն փակվում։
“Կարող եմ ասել, որ Խորենիայի ջրի հարցը մեր համար առաջին խնդիրն է։ Մենք ի սկզբանե ցանկանում էինք ջուրը Խորենիա հասցնել Բաքու-Թբիլիսի-Կարս էրկաթգծի Ախալքալաքի կայարանից։ Գյուղ Դիլիֆից ջուրը պետք է հասնի կայարան, իսկ կայարանից Խորենիա։ Ամեն տարի կայարանի ղեկավարությունը փոխվում է, այդ իսկ պատճառով էլ չենք կարող իրականացնել”, – ասաց Ախալքալաքի քաղաքապետարանի էկոնոմիկայի և պլանավորման բաժնի մասնագետ Վահան Բաթոյանը։
Չնայած այն հանգամանքին, որ կայարանը կառուցելու ժամանակ պայմանագիր է կնքվել կողմերի միջև, որ ջուրը կայարանից պետք հասցվի գյուղ Խորենիա, սակայն այդ պայմանագիրը այլևս չկա, կորել է։
Գյուղի կամուրջը, որով էլ բնակիչները Ախալքալաք կամ այլ գյուղեր են գնում արդեն վտանգավոր է, քանի որ ըստ բնակիչների հիմքից սկսվել է քայքայվել, չնայած դրան ավազով լիքը բեռնատարները այդ կամրջով անցնում են։ Կառուցումից մինչ այսօր կամուրջը չի նորոգվել։
Բնակիչները շատ անգամ են բողոքել, անգամ կենդանի շարասյուն են կազմել, որպեսզի արգելեն բեռնատար մեքենաների անցուդարձը, սակայն տուգանվել են այդ արարքի համար։
Գյուղում երիտասարդների համար զբաղմունքի վայր չկա։ Եթե անցած տարի 50%-ն է գնացել Ռուսաստան արտագնա աշխատանքի, այս տարի մոտավոր 70% են գնացել։
Գայանե Ակոջյան