Այն ժամանակները, երբ Երևանը թվում էր Ախալքալաքի բնակիչներին սովորելու միակ տարբերակը, արդեն վաղուց անցել են: Ավելի մեծ թվով դիմորդներ ընտրում են մեկ այլ ուղղություն` Թբիլիսին, բացատրելով դա տարբեր պատճառներով: Մենք որոշեցինք պարզել, թե այս տարի Ախալքալաքի շրջանավարտները ո՞ւր են պատրաստվում գնալ սովորելու համար, և ինչ շարժառիթներով:
Տեղի դպրոցների կողմից տրամադրած տվյալներով, այս տարվա շրջանավարտների նախասիրությունները հետևյալ տեսքն ունեն.
5-րդ հայկական դպրոցում (նախկին գիշերօթիկ դպրոց), 9 շրջանավարտներից 5-ը մտադիր են բուհ ընդունվել Թբիլիսիում: Եվս երկուսն ընտրել են արհեստագիտական մասնագիտություններ, իսկ մնացած 2-ը` չեն կողմնորոշվել:
Դ. Դեմիրճյանի անվան թիվ 4 հայկական դպրոցն այս տարի ունի 46 շրջանավարտ: Նրանցից 22-ը մտադիր են Թբիլիսի ընդունվել, 11 հոգի՝ Եր.ան, մնացած 13-ը մնում են Ախալքալաքում:
Վրացական թիվ 3 դպրոցում 13 շրջանավարտ կա, որոնցից 12-ը գրանցվել են միասնական ազգային քննություններին՝ վրացական բուհեր ընդունվելու համար:
Թիվ 2 (Մայակովսկու անվան) ռուսական դպրոցում, 31 շրջանավարտներից 15-ը փաստաթղթերը հանձնել են Թբիլիսի, 8-ը՝ Ռուսաստան, իսկ մնացած 8-ը` Երևան:
Հովհ. Թումանյանի անվան թիվ 1 հայկական դպրոցի 51 շրջանավարտներից 17-ը Թբիլիսի են ընդունվում, 6-ը՝ Երևան: Մնացածները պատրաստվում են սովորել կոնկրետ մասնագիտություններ:
Ընդհանուր առմամբ, Jnews-ի կողմից ստացված մոտավոր տվյալներով, 150 շրջանավարտներից 71-ը մտադիր են Թբիլիսի ընդունվել, իսկ 25-ը` Երևան:
Թիվ 4 միջնակարգ դպրոցի շրջանավարտ Նունե Պողոսյանը պատմում է, որ իրոք շատ էր ցանկանում Թբիլիսիում ընդունվել բուհ, սակայն հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ նա փաստաթղթերը հանձնեց Երևան:
«Մենք այնտեղ կացարան ունենք, և իմ եղբայրը այնտեղ է սովորում: Ես ուզում էի գնալ Թբիլիսի, բայց չստացվեց», – ասում է նա:
Միևնույն ժամանակ, Նունեն նշում է, որ Վրաստանում կրթությունը ստանալուց հետո որոշակի մտավախություն ունի աշխատանքի անցնելու առումով: «Իհարկե, ավարտելուց հետո, երբ վերադառնամ Ախալքալաք, խնդիրներ կարող են ծագել աշխատանքի տեղավորվելու հարցում: Կրկին մեկ տարի էլ պետք է սովորել Թբիլիսիում, սովորել լեզուն և այլն», – ասում է նա: Նրա կարծիքով, դա այն է, ինչն այսօր դառնում է հիմնական պատճառը, որ այսօր դիմորդների մեծ մասն ընտրում է հենց Վրաստանը:
Լիդա Մնացյանը նույնպես թիվ 4 միջնակարգ դպրոցի շրջանավարտ է: Նա համոզված է, որ Թբիլիսիում ուսումնառությունը նրան շատ առավելություններ կտա իր ապագա կարիերայում, ներառյալ վրացերենի իմացությունը, ինչպես նաև ավելի որակյալ կրթությունը: «Իհարկե, Երևանում ավելի հեշտ կլիներ, բոլոր հարազատներս այնտեղ են, իմ մայրենի լեզվով է ամեն ինչ, ավելի հեշտ է ապրուստի հարցը: Թբիլիսիում հիմա ես ոչ ոք չունեմ, բայց ոչ մի դժվարություն ինձ չի կանգնեցնում և չի վախեցնում», – կիսվում է Լիդան:
Թիվ 2 ռուսական դպրոցի շրջանավարտ Անահիտ Մանուկյանն ընտրել է Երևանի Սլավոնական համալսարանը: Նա ընդունվել է Russian Studies ծրագրով, որի համաձայն, հարցազրույցով անցել է բյուջետային բաժին: Ըստ նրա, նա Թբիլիսիի և Երևանի միջև ընտրություն չի ունեցել, բոլոր հարազատները Երևանում են ապրում, այնտեղ իր մայրենի լեզուն է, ինչպես նաև անվճար կրթություն ստանալու հնարավորությունը: Հետագա աշխատանքի ընդունվելու խնդիրը չի անհանգստացնում նրան, քանի որ նա այժմ չի ծրագրում շարունակել իր կարիերան Վրաստանում: «Թբիլիսին, կարելի է ասել, երբեք չի գրավել ինձ», – նշում է նա:
Այնուամենայնիվ, ինչպես տեսնում ենք, դիմորդների գերակշիռ մասն ընտրում է Թբիլիսին: Երևանում ընդունվող աշակերտները կամ ստիպված են եղել որոշակի հանգամանքներով դա անել, կամ էլ չեն կապում իրենց ապագան Ախալքալաքի և Վրաստանի հետ:
Ինչպես թիվ 4 միջնակարգ դպրոցի ուսմասվար Գայանե Երեմյանն է նշում, այս բաժանման պատճառն արմատավորված է այն հեռանկարներում, որոնք այս երկու ուղղությունները կարող են խոստանալ: Թբիլիսիում ուսումն աշակերտներին երաշխավորում է առնվազն վրացերենի իմացությունը և Ախալքալաքում անխոչընդոտ կերպով աշխատանքի անցնելը: Միևնույն ժամանակ, Երևանում սովորելուց հետո հաճախ անհրաժեշտ է Թբիլիսիում վերապատրաստվել:
«Թբիլիսիում, ինչ-որ իմաստով, ավելի հեշտ է ընդունվել՝ օրինակ, 1+4 ծրագրով, ինչպես նաև, եթե այնտեղ ընդունվում ես անվճար, ապա մինչև ուսման ավարտը պահպանում ես գրանտը, մինչև ուսուցման ավարտը, ի տարբերություն Երևանի: «Թերևս չեմ կարող համեմատել կրթության որակը, քանի որ Թբիլիսիում սովորող սերունդը դեռևս չի վերադարձել և իրեն ցույց չի տվել: Երևանից մեզ մոտ գալիս են բավականին տաղանդավոր մասնագետներ: Մենք պետք է սպասենք», – նշում է նա:
Եվս մեկ սերունդ ձգտում է բարձրագույն կրթություն ստանալուն, մի քանի տարի հետո այն կլինի արդեն որակյալ մասնագետներով, սակայն նրանցից քանիսը կվերադառնան Ախալքալաք և իրենց գիտելիքները կկիրառեն փոքր քաղաքի օգտին, մնում է անպատասխան հարց:
Ամալիա Բաբայան