Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնը երեկ հրապարակել է միասնական ազգային քննությունների արդյունքները։ Ջավախքի բազում շրջանավարտներ սրտատրոփ սպասում էին այս օրվան, արդյոք վճարովի են ընդունվել, թե՝ ոչ։

Այս տարի Վրաստանում ուսանող է դարձել 29 614 դիմորդ: Իսկ պետական դրամաշնորհ է ստացել մինչև 6 550 ուսանող:

Սոցիալական կայքերում արդեն երկրորդ օրն է նկատելի ակտիվություն է, բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվածները կիսվում են իրենց ուրախությամբ՝ նշելով, թե որ համալսարան են ընդունվել։

Նինոծմինդայի շրջանի Ղուլալիս գյուղից Վիոլետտա Սարգսյանը իմանալով, որ անվճար է ընդունվել ուրախությունից ջարդել է հեռախոսը։

«Ես գիտեի, թե որ ժամին պետք է տեղադրվեր քննությունների արդյունքները, Ախալքալաքում էի, հեռախոսիս ինտերնետը վերջացել էր և գնացի արդարադատության տուն, գործ ունեի, այնտեղ բացեցի, որ նայեմ պատասխանը ու տեսա, որ անվճար եմ, հեռախոսս ձեռքից ընկավ ու ջարդվեց, ուրախությունից ճչացի, բոլորը դուրս եկան, հարցնում են ի՞նչ է պահատել։ Ահավոր շատ եմ ուրախացել, որ չեմ կարող նկարագրել»,- ուրախությունը չկարողանալով զսպել պատմում է Վիոլետտան։

Նա ընդունվել է Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարան:

Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղից Ժաննա Չոգանդարյանը ընդունվել է իր նախընտրած համալասարանը՝ Թբիլիսիի Իլիաի անվան պետական համալսարանը։ Անվճար ընդունվելու մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։

«Շատ ուրախ եմ, բարձր միավորներ հավաքել էի, և հույս ունեի, որ անվճար եմ ընդունվել, սակայն տեսնելն ու համոզվելը, որ 100% անվճար ես, ուրիշ ուրախություն է։ Ուրախությունս կրկնապատկվեց, երբ տեսա, որ իմ ուզած համալսարանն եմ ընդունվել»,- պատմում է Ժաննան։

Իլիայի պետական համալսարան ընդունված Իրմա Մելքոնյանը շատ է ուրախացել, որ իր պարապմունքներն ապարդյուն չի անցել։

«Շատ ուրախացա, ընդունվել եմ հենց ուզածս համալսարանը, աշխատանքիս արդյունքն է, իզուր չէր։ Նախապատրաստական կուրսից հետո երևի տնտեսագիտական ֆակուլտետում շարունակեմ», – ասում է Իրման։

Լինդա Միքելաձեն երեկվանից մտածել ու անհանգստացել է թե ո՞ր համալարանն եմ ընդունվել։

«Անհանգստությամբ էի սպասում, թե երբ են հրապարակելու քննությունների արդյունքները։ Եկավ ժամը, և որոշեցի նայել, և ինչ որ բան գրվեց և չմտավ, այդ ժամանակ շատ վատ զգացի, մտածեցի ինչու՞ չի բացում, մի քանի անգամ փորձեցի և վերջում կարողացա մտնել կայքը, հետո էլ ցույց չէր տալիս, թե որ համալսարան եմ ընդունվել, այդ ժամանակ մտածեցի, որ ոչ մի տեղ չեմ ընդունվել, սակայն հետո բացեց և տեսա թե որտեղ եմ ընդունվել և նոր շունչ քաշեցի»,- պատմում է Լինդա Միքելաձեն։

Արդեն ուսանողներ դարձած երիտասարդները ցանկանում են հենց համալսարաններում սկսել ուսումնական տարին, այլ ոչ թե հեռավար։

Գայանե Ակոջյան