Հունիսի 9-ին, Նինոծմինդայի շրջանի ֆուտզալի «Փարվանա» թիմը հերթական հաղթանակն է գրանցել Վրաստանի ֆուտզալի փորձնական լիգայում և 9 միավորով զբաղեցրել 2-րդ պատվավոր հորիզոնականը:
«Փարվանա» թիմի ղեկավար Անդրանիկ Ղարսլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր պայքարը ավելի թեժ էր, տղաները կարողացան տանել կամային հաղթանակ և հաղթեցին Liderbet թիմին 2:0 հաշվով, շնորհավոր ու շնորհակալություն։ Այսպիսով Նինոծմինդայի Փարվանա թիմը 9 միավորով լիգայի երկրորդ տեղում է»։
Jnews-ի հետ հեռախոսազրույցում թիմի ղեկավարը վստահություն հայտնեց, որ իրենք ավելի մեծ արդյունքներ կգրանցեն այս սպորտաձևում, եթե համապատասխան ուշադրություն ու աջակցություն լինի:
«Մենք 3-4 տարի առաջ խաղում էինք Վրաստանի ֆուտզալի բարձրագույն լիգայում, հետո որոշեցինք ֆուտբոլում մեր ուժերը փորձել, բայց շոշափելի արդյունքների չհասանք: Որոշեցինք նորից ֆուտզալով զբաղվել և այս տարի մասնակցեցինք փորձնական լիգային: Կարծես ամեն ինչ մեր ուզածի նման հաջող է ընթանում: Սակայն տղաներին պետք է աշխատավարձով ոգևորել, որպեսզի ֆուտբոլիստները կենտոնանան և զբաղվեն միայն ֆուտբոլով ու կարողանան ձեռքբերումներ ունենալ այս ասպարեզում»,- ասաց նա:
Թիմում խաղում է 10 ֆուտբոլիստ, որոնք ամեն ամիս 300-ական լարի աշխատավարձ են ստանում Նինոծմինդայի տեղական բյուջեից:
Անդրանիկ Ղարսլյանի խոսքերով շրջանի ղեկավարությունը խոստացել է օգնել թիմին՝ սպորտային գույքով և աշխատավարձի բարձրացումով:
Նինոծմինդայի ֆուտզալի «Փարվանա» թիմն այս ընթացքում 2 պարտություն և 3 հաղթանակ է գրանցել, և ընդհանուր հաշվով՝ 9 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: Մրցաշարի առաջատարը Թբիլիսիի «Կովկասուս» թիմն է: Մինչև ամսվա վերջ պարզ կլինի արդյոք Նինոծմինդայի ֆուտզալի թիմը կկարողանա մեկ մակարդակ բարձր խաղերի մասնակցել, թե՝ ոչ: Առաջիկայում երկու խաղ կա:
Ի՞նչ է ֆուտզալը
Ֆուտզալը ֆուտբոլի տեսակ է, որը խաղում են ավելի փոքր դաշտում և հիմնականում փակ տարածության մեջ:
Մինի ֆուտբոլը խաղում են երկու թիմերի միջև, յուրաքանչյուրը հինգ խաղացող, որոնցից մեկը դարպասապահն է: Փոխարինումները անսահմանափակ է: Ի տարբերություն մյուս փակ տարածությունում խաղացվող ֆուտբոլի տեսակներից, ֆուտզալը խաղում են կոշտ դաշտում, որը անջատված է գծերով և պատերը կամ պատնեշները չեն օգտագործվում: Մինի ֆուտբոլը խաղում են նաև ավելի փոքր գնդակով քան սովորական ֆուտբոլում է: