Նպատակասլաց և անկոտրում բռնցքամարտիկ Սամվել Ղազարյանը Եվրոպայի առաջնությունում կրած պարտությունից հետո չի հանձնվում և սպասում է հաջորդ տարվան, որպեսզի հասնի իր նպատակներին։
Բավրա գյուղից Սամվել Ղազարյանը բռնցքամարտով սկսել է զբաղվել 7 տարեկանից՝ 2012 թ.-ին: Դրան նպաստել է այն հանգամանքը, որ մարզիչը նրա հորեղբայրն էր։ Սկզբում նա մարզվում էր շաբաթական 3 անգամ, իսկ առաջին արդյունքները գրանցելուց հետո՝ ամեն օր։ 2019 թվականից նա սկսեց տեսնել իր աշխատանքի պտուղները։
«Չհաշված տեղական մրցումները, Վրաստանի առաջնությունում ես զբաղեցրի երկրորդ տեղը, հետո դարձա Վրաստանի չեմպիոն, ապա գնացի Եվրոպայի առաջնություն»,- պատմում է նա։
Սամվելը դարձել է Վրաստանի չեմպիոն 2022-2023թթ.: Այս տարի, մասնակցելով Եվրոպայի առաջնությանը, Սամվելը չհասավ կիսաեզրափակիչ։ Նա դժվարանում է պատասխանել, թե ինչով է պայմանավորված իր պարտությունը։
«Միգուցե քիչ եմ մարզվել… թեև ես շատ եմ մարզվել, մինչև վերջին ուժը, բայց, ըստ երևույթին, դա բավարար չէր: Ընտանիքս ու մարզիչը մեծ հույսեր ունեին, որ ես կհաղթեմ կամ գոնե մեդալ կբերեմ»,- ասում է Սամվելը։
Վերջինս խոստովանում է, որ կոտրվել էր՝ չհասնելով նրան, ինչին պատրաստվում էր ամբողջ տարին։ Բայց դա ընդամենը մի պահ էր, հաջորդ տարի նա հույս ունի լրացնել այս բացը։
«Բացի Եվրոպայի առաջնությունից, կա նաև աշխարհի առաջնությունը։ Տա Աստված, եթե ես հաղթեմ Եվրոպայի առաջնությունում, իսկ հետո արդեն կմասնակցեմ աշխարհի առաջնությանը»,-պատմում է մարզիկը։
Սամվելը շարունակում է իր առջև նպատակներ դնել և ձգտել հասնել դրանց։ Նա կարծում է, որ սխալ է, որ մարզիկը թևաթափ լինի և հանձնվի առաջին իսկ պարտությունից։
«Արդյունքի հասնելու համար պետք է ավելի շատ մարզվել: Շատ մարզիկներ կան, ովքեր երկար ժամանակ արդյունք չեն գրանցել, իսկ հետո մեկ տարում հասել են մեծ բարձունքների»,- ասում է մարզիկը։
Սամվելն այս տարի ավարտում է դպրոցը: Նա քննությունները կհանձնի Թբիլիսիում սովորելու համար, և ընդունվելու դեպքում կսովորի՝ շարունակելով սպորտով զբաղվել ու մնալ Վրաստանի հավաքականում։ Այժմ Սամվելը հանդես է գալիս երիտասարդների կատեգորիայում, բայց արդյոք նա կշարունակի բռնցքամարտը 18 տարեկանից հետո մեծահասակների կատեգորիայում, դեռ հարց է։
«Դա կախված է հաջորդ տարվա արդյունքներից, եթե չլինի, կհեռանամ բռնցքամարտից, քանի որ մեծահասակների կատեգորիայում, իհարկե, ավելի դժվար է լինելու։ Կսովորեմ, ուզում եմ ինժեներ դառնալ, նկարչության սեր ունեմ»,- ասում է Սամվելը։
Նա նաև սիրում է ֆուտբոլ և լող: Խոստովանում է, որ սպորտը նրա համար «կյանք» է։
Սամվելը կարծում է, որ բռնցքամարտը միայն ֆիզիկական ուժը չէ, այստեղ մեծ դեր ունի փորձն ու խելքը։
«Բռնցքամարտը ինտելեկտուալ մարզաձև է։ Ինչքան ուզում ես ուժեղ խփիր, չի ստացվի, եթե դիմացդ ավելի փորձառու խաղացող լինի։ Ռինգը թելադրում է, թե ինչ է պետք անել, դա պետք է հասկանալ։ Առանց հասկանալու հարվածելն այն չէ»:
Խաղերից առաջ նա իրեն տրամադրում է հետևյալ կերպ. «Չի կարելի լարվել, չի կարելի թերագնահատել մրցակցիդ, չի կարելի թերագնահատել ինքդ քեզ: Այո՛, նա ուժեղ է, բայց ոչ քեզնից ուժեղ»։