Երեկ երեկոյան «Կարծախի» անցակետով Հայաստանի Պատմության ազգային ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը խմբով Թուրքիայից փորձել է մտնել Վրաստան, որպեսզի շարունակեն ճանապարհը դեպի Հայաստան, սակայն Աշոտ Մելքոնյանին սահմանապահները փաստաթուղթ են տվել, որի համաձայն նրա մուտքը Վրաստան «աննպատակահարմար է»:

Այն բանից հետո, երբ Վրաստանում Հայաստանի դեսպանությունը միջամտել է, Մելքոնյանը կարողացել է տրանզիտով Վրաստանից Հայաստան գնալ: Սակայն նա ենթադրել նույնիսկ չի կարող թե ինչումն է խնդիրը:

«Ոչ մի քաղաքական հայտարարություն կամ նմանատիպ ոչ մի բան ես չեմ արել: Հակառակը, ես հաստատել եմ ու շարունակելու եմ հաստատել, որ մեր երկու քրիստոնյա երկները չեն կարող գոյատևել առանց եղբայրական հարաբերությունների»,- Jnews-ի հետ զրույցում ասաց Աշոտ Մելքոնյանը:

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից հայտնում են, որ ճիշտ է այս պահին Աշոտ Մելքոնյանը կարողացել է հատել սահմանը, բայց նրա մուտքը Վրաստան արգելված է և իրենք շարունակելու են աշխատել վրացական իշխանությունների հետ, որպեսզի Մելքոնյանի մուտքը Վրաստան ազատ լինի:

«Նա շատ հարգված մարդ է, և քիչ բան չի արել հայ-վրացական բարեկամական հարաբերությունների համար: Առավել ևս, որ նա ծնունդով Ջավախքից է: Մենք ամեն ինչ անելու ենք, որ նա կարողանա գնալ իր հարազատ քաղաք»,- հայտնում են Դեսպանության մամլո ծառայությունից:

Jnews-ը փորձում է ճշտել, թե ինչ պատճառով են Աշոտ Մելքոնյանի մուտքը Վրաստան արգելել:

Ակադեմիկոս, Հայաստանի Պատմության ազգային ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը ծնունդով Ախալքալաքից է: Նա սովորել է Ախալքալաք քաղաքի Դերենիկ Դեմիրճյանի անվան դպրոցում: Այնուհետև կրթությունը շարունակել է Երևանում, խորացել է գիտության մեջ և մնացել այնտեղ: Նա բազմաթիվ գիտահետազոտական աշխատանքների հեղինակ է: Իսկ հայ-վրացական հարաբերություններում Աշոտ Մելքոնյանը հայտնի է, որպես բարեկամական հարաբերությունների զարգացման ջատագով: