Ախալքալաքում ավարտվեց «Ջավախքյան գարուն» ամենամյա փառատոնը, որին մասնակցեցին Ջավախքի բոլոր պարային խմբերը, և ոչ միայն:
«Ջավախքյան գարուն» փառատոնին մասնակցելու համար Ախալքալաք էին եկել 64 պարային համույթներ:
Փառատոնի գալա համերգին մասնակցեցին Հայաստանի տարբեր մարզերից եւ Երեւանից 8 համույթ: 2 համույթ Թբիլիսիից, 3 համույթ` Ծալկայի մունիցիպալիտետից, Նինոծմինդայի մունիցիպալիտետից՝ 5 համույթ, իսկ մյուս 46-ը` Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերից տարբեր պարուսույցների պարային համույթներ: Համույթները հանդես եկան ոչ միայն հայկական ազգային պարերով, այլեւ պարեցին աշխարհի տարբեր երկրների ազգային պարերը, ինչպես նաեւ բեմում հանդես եկան երգիչներ՝ աշուղական երգերով:
Փառատոնի առաջին փուլը տեղի էր ունեցել մայիսի 18-ին, այդ ժամանակ 12 անսամբլ չէր անցել եզրափակիչ փուլ:
Փառատոնի կազմակերպիչ աշուղ Ալիկ Քսպոյանը պատվոգրեր ու գավաթներ հանձնեց Հայաստանից երկար ճանապարհ կտրած և Ջավախք հասած պարուսույցներին:
Քրիստինե Մարաբյան