Կարծախ գյուղից Նաիրա Մոսոյանն իր հասակակիցներից առանձնանում է: Չնայած նրան, որ մեր հերոսուհին իրավաբանություն է ուսումնասիրում, բանաստեղծություններ է գրում, սակայն շրջապատում հայտնի է, որպես ինքնուս նկարչուհի:

23-ամյա Նաիրան սովորում է Իվանե Ջավախաշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարանում`իրավաբանական ֆակուլտետում: Թեև ընտրած մասնագիտությանը Նաիրան դեռ մանկուց նկարում է, ինչպես նաև գրում: Ինչպես ինքն է ասում՝ գրիչ բռնելուց առաջ մատիտ է բռնել, իսկ գրելուց առաջ` նկարել է.

«Երեք տարեկանից սկսել եմ նկարել: Ձեռքս ընկած ցանկացած բանի վրա նկարում էի: Ամսագրերի ծայրերին, թղթի կտորներին, ծնողներիս ցուցակներին անգամ: Մի անգամ էլ մերոնք թոնիրով լավաշ էին թխում, նայեցի տատիկիս ու նկարեցի: Մերոնք հաճելիորեն զարմացան: Մինչև հիմա էլ այդ նկարներից շատերը խնամքով պահում եմ», – հիշում է Նաիրան:

nkar1

Մեր հերոսուհու խոսքով, նա թուղթն ու մատիտը ձեռքը վերցնելուց առաջ երբեք չգիտի, թե ինչ է ստացվելու, ում կամ ինչ է նկարելու:

«Չեմ կարող ինչ-որ բան պլանավորել ու նկարել, կամ ինչ-որ մեկի պատվերով դիմանկար անել: Պետք է ինչ որ բան զգամ, ինչ որ իրավիճակ, պահ, հանգամանք ինձ մղի դեպի ստեղծագործելը: Սովորաբար նկարում եմ երեկոյան ժամերին: Այս պահին էլ, որքան էլ շատ ուզեմ չեմ կարող նկարել: Պետք է հարմար պահ, միջավայր ու դրդապատճառ լինի», – ասում է Նաիրան:

Mosoyan

Նաիրա Մոսոյանը տառաճանաչ դառնալուց հետո, նկարելուն զուգահեռ նաև գրում է չափածո ստեղծագործություններ, վերջերս էլ նաև փոքրիկ պատմվածքներ: Նրա բանաստեղծությունների առաջին գիրքը, որը հեղինակը պայմանական անվանել է «Գրիչն ու ես», որն արդեն պատրաստ է հրատարակության.

«Գրիչն ու ես լավագույն ընկերներն ենք, անդավաճան: Բոլոր գաղտնիքներս, հույզերս, ապրումներս պատմում եմ հենց գրչին ու թղթին: Շատ եմ ուզում հրատարակել բանաստեղծություններիս ժողովածուն: Այժմ էլ աշխատում եմ պատմվածներիս վրա: Դրանք ևս նկարագրում եմ իմ կյանքի տարբեր իրավիճակներ, որոնցից ես դասեր եմ քաղել, խրատվել եմ, ու հուսով եմ, որ դրանք ուսուցողական կլինեն նաև ընթերցողի համար», – ասում է Նաիրան ու հավելում, որ գրում է այն ժամանակ, երբ տխուր է, ինչ որ հարցով մտահոգված, իսկ երբ երջանիկ է` նկարում է:

nkar2

Թե՜ նկարելիս, թե՜ գրելիս Նաիրային հաճախ օգնության է գալիս երաժշտությունը: Լսում է ամենատարբեր ժանրերի երաժշտություն, երբեմն հենց երաժշտությունից է կախված, թե ինչ կնկարի, կամ ինչի մասին կգրի: Երբեմն էլ ստեղծագործում է բացարձակ լռության պայմաններում: Իսկ իր աշխատանքներից առանձնացնում է ինքնադիմանկարներից մեկը, որն իր կարծիքով լավագույնս է նկարագրում իրեն.

«Նկարիչների խմբի եմ միացել, որին անդամակցում են հազարավոր վրացի նկարիչներ: Նկարը խմբում տեղադրելուց հետո շատ դրական կարծիքներ լսեցի: Դրանք ինձ ավելի են ոգևորում ու առաջ մղում», – նշում է նա:

Նաիրան ծնվել ու մեծացել է Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում: Ինքնուս նկարիչը նպատակ ունի հետագայում նաև մասնագիտանալ նկարչության ասպարեզում: Երազում է ունենալ սեփական արվեստանոցն ու ստուդիան:

nkar

Հերմինե Կարապետյան