Այսօր, երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի առիթով Ախալքալաքում մի շարք միջոցառումներ անցկացվեցին: Սուրբ Խաչ եկեղեցում մանուկների օրհնության կարգ կատարվեց:
Հունիսի 1-ին Սուրբ Խաչ եկեղեցում ամենափոքրիկ քաղաքացիների համար կատարվեց օրհության կարգ, որին հաջորդեց եկեղեցու բակում կազմակերպված մանկական միջոցառումների շարքը:
Իսկ Խաս Բախչա այգում երեխաներին սպասվում էր տարաբնույթ միջոցառումներ տիկնիկային խմբերի, երաժիշտների, բակային խաղերի, հեքիաթների հերոսների և մանուկների մասնակցությամբ:
Հունիսի 1-ը նշանավորվում է ոչ միայն իբրև ամռան առաջին օրը, այլև երխաների պաշտպանության միջազգային օր: Այս տոնը ամենահին միջազգային տոներից մեկն է:
Երեխաների պաշտպանության միջազգային օրը սահմանվել է դեռևս 1925 թվականին` Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում:
Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող բազմաթիվ միջազգային փաստաթղթեր են ստորագրվել, որոնց թվում են 1959թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Երեխայի իրավունքների հռչակագիրն ու 1989թ. Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան, որով, ըստ էության, երեխաները համարվեցին հատուկ խոցելի խումբ:
1949թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: ՄԱԿ-ը, հավանություն տալով այս նախաձեռնությանը, հայտարարեց երեխաների կյանքի և առողջության պաշտպանության հարցը իր գործունեության գերակա ուղղություններից մեկը:
Առաջին անգամ հունիսի մեկը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր 1950-ին: