Ախալքալաքի Մաշտոց-Ազնավուր փողոցների խաչմերուկի լուսացույցի լարերը ավելի քան մեկ ամիս առաջ վնասվել են երթևեկող ավտոմեքենայի կողմից, սակայն լուսացույցը մինչ օրս չի աշխատում։ Jnews-ը փորձել է պարզել, թե ո՞րն է դրա պատճառը։
Ախալքալաքի Սպասարկման կենտրոնից պարզաբանում են, որ տեղում չկան մասնագետներ, որոնք կարող են միացնել լուսացույցը։ Բացի այդ, լուսացույցները սպասարկում է ոչ տեղական ընկերություն, որը խոստացել է հաջորդ շաբաթվա սկզբին շտկել ու միացնել դրանք։
«Մեր էլեկտրագործները նայել են, այնտեղ վնասն այնպիսին չէ, որ ամեն էլեկտրագործ կարողանա այն վերանորոգել: Այնտեղ կոնկրետ մասնագետ է պետք, որ լուսացույցը պատահաբար չփչանա, իսկ լուսացույցները սպասարկող ընկերությունը շատ գործ ունի, մենք հերթի մեջ ենք, խոստացել են գալ հաջորդ շաբաթվա սկզբին»,- ասաց Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի ղեկավար Մխիթար Ռստակյանը։