Առևտրականներն ազատել են Ախալքալաքի Նալբանդյան փողոցը, սակայն շուկան առևտրականներով չի լցվել, շուկայում տեղ են զբաղեցրել ընդամենը հինգ հոգի։
Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ժամը 11:00-ին Jnews-ը շրջեց Ախալքալաքի Նալբանդյան փողոցով, տեսնելու, թե արդյոք փողոցը մաքրվել է վաճառասեղաններից։ Շատերն իրենց ապրանքը վաճառում են խանութից, որն ունեին, ուղղակի ապրանքը հանում էին փողոց։
Jnews-ի հետ զրույցում առևտրականները, ովքեր սկսել են վաճառել անմիջապես խանութից, ասացին, որ լավ է, երբ փողոցն ազատ է, ու մեքենաները կարող են անարգելք տեղաշարժվել։ Իսկ հարցին, թե ինչու մինչ արգելքը խանութից առեւտուր չէին անում, պատասխան չգտան:
Միրգ վաճառող ատևտրականներից մեկը, ով խանութ չունի, տեղափոխվել է ավտոտնակ։ Նա ասաց, որ փողոցում, լույսի ներքո ապրանքը գեղեցիկ էր նայվում, ինչը գրավում էր գնորդներին։
Բոլոր առևտրականները հույս ունեն, որ ժամանակի ընթացքում և՛ իրենք, և՛ գնորդները կհարմարվեն դրան։
Այլ վայրերից եկած վաճառականները, ովքեր միշտ կանգնած էին Նալբանդյան փողոցում, այսօր ոչ փողոցում էին, ոչ էլ շուկայում։
Նշենք, որ շուկան սպասվածի պես լեցուն չէր։
Ախալքալաքի ագրարային շուկայի տնօրեն Արարատ Սահարյանի խոսքով, շուկայում տեղ են զբաղեցրել ընդամենը հինգ հոգի՝ տեղացի առևտրականներ, և նրանք այսօր շուկայում չէին։