Մաջադիա գյուղում դժգոհում են նրանից, որ հանվել է իրենց գյուղի ցուցանակը, որը բնակիչներն իրենք են պատրաստել և տեղադրել՝ իրենց իսկ միջոցներով, քանի որ չկային: Գյուղում մեզ տեղեկացրին, որ ճանապարհային վարչության աշխատակիցները հեռացրել են ցուցանակը՝ ասելով, որ իրենք դա անում են Սակրեբուլոյի հրահանգով, իրենց գործողությունների համար առանց որևէ այլ բացատրություն և պատճառաբանություն տալու:
«Նրանք կտրեցին և հանեցին մեր գյուղի ցուցանակը՝ ասելով, որ իրենք դա անում են Սակրեբուլոյի հրամանով», – ասաց Մաջադիա գյուղի բնակիչը:
Ցուցանակը պահվում է գյուղացիներից մեկի տանը:
Պարզվում է Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում չգիտեն այս գործողության մասին: Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանն ասում է, որ իրենց կողմից նման հրահանգներ չեն եղել:
«Նման բան չի կարող լինել, Սակրեբուլոն չի տալիս նման հրահանգներ», – ասում է Նաիրի Իրիցյանը:
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը տեղյակ էին այս մասին: Ենթակառուցվածքների բաժնի մասնագետ Ռազմիկ Նահատակյանի խոսքով՝ ցուցանակները հանվել են՝ նորերը տեղադրելու համար, որոնք համապատասխանում են չափանիշներին: Ըստ նրա՝ այս հարցերով զբաղվում է ճանապարհային դեպարտամենտը, նրանք են կայացնում բոլոր որոշումները, իսկ տեղում աշխատանքները իրականացնում է «Ջավախ Ավտո Գզա» ընկերությունը:
Մաջադիա գյուղի ցուցանակն իրականում հանվել էր «Ջավախ ավտո գզա» ընկերության աշխատակիցների կողմից: Ընկերության ներկայացուցիչ Ջաբա Ձիրկվաձեի խոսքով, նրանք հանեցին ցուցանակը, քանի որ այն ոչ չափսերով, ոչ էլ բովանդակությամբ չէր համապատասխանում չափանիշներին:
«Մաջադիա գյուղի ցուցանակը չէր համապատասխանել ստանդարտներին, ուստի այն հանվել է՝ նորը տեղադրելու համար», – ասում է Ջաբա Ձիրկվաձեն:
Ինչպես վստահեցնում է վերջինս՝ շուտով կտեղադրվի Դեպարտամենտի կողմից ուղարկված նոր ցուցանակը:
Նույնը Դադեշ գյուղի ցուցանակի հետ կատարվեց: Սկզբում գյուղացիները կարծում էին, որ ցուցանակը գողացել են, հետո պարզվեց, որ դա հանվել է, որպեսզի տեղադրվի նորը, որը կհամապատասխանի չափանիշներին: Դադեշի ցուցանակը նույնպես պատրաստվել և տեղադրվել է տեղացիների կողմից:
Բրատիսլավ Իգիթխանյան