Ախալքալաքի շտապ օգնության նոր արտաճանապարհային ավտոմեքենաներն ապահովված են բոլոր անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, բայց այդ մեքենաներով տեղափոխված հիվանդները բողոքում են անհարմարավետությունից: Իսկ կենտրոնի տնօրենի խոսքով, դրանք շատ համար են բարձրլեռնային շրջանների համար:
Անցած տարի Ախալքալաքի շտապ օգնության Կենտրոնը «Toyota» մակնիշի երկու նոր ամենագնաց ստացավ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը 50 հազար եվրո է:
Շտապ օգնության կենտրոնը ստացել է 2 արտաճանապարհային ավտոմեքենա
Սակայն այդ մեքենաներից դժգոհում են՝ թե վարորդները, թե այն մարդիկ, ովքեր դրանցով տեղափոխվել են հիվանդանոց։
«Այնքան չոր մեքենա է, որ առանց այդ էլ ծանր վիճակիս մոտս գլխացավ սկսվեց։ Մեքենայի չորությունը զգացնել էր տալիս ամեն մի ճանապարափոս։ Նստարանները շատ չոր են։ Պատուհան չկա, որ գոնե բացեն, մաքուր օդ լինի մեքենայի մեջ, որը այդ պահին շատ հիվանդների համար ամենակարևոր բանն է», – ասում է շտապ օգնության մեքենայով տեղափոխված մի մարդ։
Նոր արտաճանապարհային ավտոմեքենայով տեղափոխված մեկ այլ անձ ասում է. «Շատ նեղ է մեքենան, անգամ ոտք դնելու տեղ չկա։ Այնքան բաձր է, որ բարձրանալը ևս խնդիր է: Ինչպես նաև չունի ձայնապաշտպանիչ համակարգ, ամբողջ դրսի շխկ-թխկը ներս է գալիս»:
Դժգոհում են նաև այդ ամենագնացների վարորդները և ցանկանում են, որպեսզի ավելի հարմարավետ մեքենաներ ստանան։
«Սա մեքենա է՞, այնքան չոր է, հիվանդ կարելի՞ է տեղափոխել այս մեքենայով», – ասում է շտապ օգնության վարորդներից մեկը։
«Շատ չոր մեքենա է, ամբողջ օրը գյուղերի ճանապարհներին ոչ մեջք է մնում, ոչ բան։ Մինչև մի գյուղ գնում գալիս ես, ջարդվում ես։ Մեր առաջվա մեքենաներն ավելի հարմար էին», – ավելացնում է մեկ այլ վարորդ:
Իսկ Ախալքալաքի Շտապ օգնության կենտրոնի մենեջերի խոսքով, այդ մեքենաները հատկապես շատ հարմար են բարձրլեռնային շրջանների համար։
«Մենք այս տարի ոչ մի անգամ ձյան ընթացքում չենք մնացել դուրսը, շատ լավ մեքենաներ են, մենք գոհ ենք», – ասում է Շտապ օգնության կենտրոնի մենեջեր Երեմ Եզոյանը։
Շտապ օգնության ծառայությունը անվճար է բոլորի համար