Փոքրիկ Շոթա Ավետիսյանն ընդամենը 5 տարեկան է, նա միայն հիմա է սովորում լսել և խոսել, ինչպես նաև օգտագործել իր ձախ ձեռքն ու ոտքը: Իր այս տարիքում տղան արդեն մեկ վիրահատություն է տարել, իսկ այժմ նրան սպասվում է երկարատև բուժում և վերականգնում, որի համար ընտանիքը բավարար գումար չունի:
«Իմ երեխան ծնվել է Ախալքալաքում: Մենք կարծում էինք, որ նա առողջ է: Երբ տուն բերեցինք, նա սկսեց լաց լինել: Մենք չէինք հասկանում, թե ինչն է պատճառը: Երբ նա 4 ամսական էր, նա չէր օգտագործում ձեռքը: Երբ նա մի քիչ էլ մեծացավ, չէր կարողանում նստել: Մենք սկսեցինք անհանգստանալ և որոշեցինք երեխային տանել Երևան: Այնտեղ մեզ ասացին, որ իմ որդին ունի ՄՈՒԿ (Մանկական ուղեղային կաթված), չի կարող լիովին օգտագործել իր ձախ ձեռքն ու ոտքը», – պատմում է երեխայի մայրը՝ Մարիա Ավետիսյանը:
Մարիան որդուն մերսման կուրսերի է տանում: Նրանք երեք կուրս են ստացել, որից հետո նրանց ասել են, որ հարկավոր է ֆիզիոթերապիա: Նրանք դա էլ են արել: Երբ Շոթան երկու տարեկան է դառնում, ծնողները չեն հասկանում, որ նա չի լսում: Նա չի արձագանքել իր անվանը, իսկ բժիշկները ոչինչ չեն ասել: Այդ ժամանակ Ավետիսյանները հերթական անգամ որոշում են երեխային տանել Երևան: Այնտեղ նրանց տեղեկացնում են, որ Շոթան ունի 4-րդ կարգի ծանրալուրություն:
«Մենք շատ մտահոգված էինք: Դա մեզ և մեր ընտանիքի համար շատ ծանր էր: Սկսեցինք լսողական ապարատների օգտագործումը, սկզբում Շոթան դրանք հանում և դեն էր նետում, այնուհետեւ փոքր-ինչ համակերպվեց: Մեկուկես տարի մենք նրան տանում էինք վարժանքների, բայց դրանք էլ չօգնեցին: Այնուհետեւ մենք Շոթային տարանք Թբիլիսի, նա արդեն 4 տարեկան էր: Բժիշկներն ասացին, որ երեխան անպայման պետք է վիրահատվի, նրան ուրիշ ոչ մի բուժում չի օգնի», – կիսվում է Շոթայի մայրը:
Ընտանիքը գրանցվում է ֆինանսավորման հերթում: Դա տևում է 6 ամիս: Դրանից հետո, 2018 թ. ապրիլին Շոթային վիրահատում են, և արդեն մեկ ամիս անց տեղադրում իմպլանտ, որի օգնությամբ երեխան սկսում է լսել: Պետությունը լիովին ֆինանսավորում է ապարատի և մասամբ էլ` երեխայի վիրահատության գումարը: Այժմ Շոթային պետք է կանոնավոր հաճախականությամբ տանել լոգոպեդի մոտ, ֆիզիոթերապիայի, լսողական վարժանքների և այլն, և բացի այդ, անհրաժեշտ է հաճախել ձեռքի և ոտքի համար մարզումների: Այս պահին Մարիան հնարավորություն չունի այս ամենի համար վճարել:
Թբիլիսիում ընտանիքը հնարավորություն ուներ ստանալու ֆինանսավորում լսողության և խոսքի վերականգնման համար, սակայն երեխան չի կարող խոսել վրացերենով, և բժիշկները խորհուրդ են տվել նրան տեղափոխել Երևան: Ընտանիքի ֆինանսական վիճակը ծանր է, պետք է մարել վարկերը, Երևանում գտնվելու ժամանակ վարձակալել բնակարան, մյուս երեխաների կարիքները հոգալ: Նրանց ընտանիքը բաղկացած է 7 անդամից:
Ըստ Մարիայի, Շոթայի վերականգնման համար անհրաժեշտ է շատ երկար ժամանակ: Լավագույն դեպքում, նրանք մշտապես պետք է գտնվեն Երևանում:
Շոթա Ավետիսյանի ընտանիքը ոչ անտարբեր մարդկանց օգնության կարիքն ունի: Մարիան՝ տղայի մայրը, կոչ է անում բոլոր նրանց, ովքեր հնարավորություն ունեն՝ արձագանքել ընտանիքի խնդրին և անտարբեր չլինել: