Մայր, կին, ունիվերսալ բժիշկ հարազատների համար, կին գործարար, տնային տնտեսուհի… Կյանքի այս բոլոր դերերը պետք է սպասեն, եթե վերջինիս կարիքն ունեն իր հիվանդները։ Ասյա Գուլիևային Ախալքալաքում ճանաչում են գրեթե բոլորը, նրա օգնությամբ Ախալքալաքի մունիցիպալիտետում հարյուրավոր երեխաներ են լույս աշխարհ եկել:

Բժշկի հետ հարցազրույցի ժամանակ Ասյայի հեռախոսը զանգում է. «Արյունահոսությո՞ւն: Գալիս եմ»: Նա վայր դրեց խոսափողը. «Մենք ծանր ծննդաբերություն ենք ունեցել, ես պետք է գնամ, օգնեմ»:

Նրա հաշվարկներով՝ 27 տարվա իր ողջ կարիերայի ընթացքում ընդունել է մոտ 650 ծննդաբերություն, իսկ նրա կողմից ընթացքը կառավարած հղի կանանց թիվը մի կարգով ավելի՝ մոտ 4000 կին։

Ախալքալաքի հիվանդանոց, առաջին հարկ, գինեկոլոգիա, ամեն րոպե բժշկի սենյակի դուռը բացվում է. «Կարելի՞ է, բժշկուհի»: Նրա մոտ են գալիս ոչ միայն «հետաքրքիր դիրքով» կանայք, այլ նաև գործընկերները, ովքեր միշտ ինչ-որ բան են հարցնում։ Եվ այսպես անընդհատ, նա ազատ ժամանակ չունի ո՛չ աշխատավայրում, ո՛չ տանը։

Ասյա Հենրիկովնայի համար նման կյանքը սովորական է համարվում դեռ մանկուց։ Նա 4-րդ սերնդի բժշիկ է։

«Իմ մայրական կողմից բոլոր կանայք բժիշկներ են, տատիկիս մայրն ավարտել է բժշկական բարձրագույն կուրսերը, դա եղել է 1900-ականների սկզբին, նա մասնագիտությամբ մաշկաբան-վեներոլոգ էր։ Նա իմ մեծ տատիկն էր՝ Եվֆրոսինեն։ Տատիկս՝ Լիդիան, 3-րդ կուրսի բժշկականի ուսանողուհի էր Օրելում։ Երբ պատերազմը սկսվեց, նա և իր ընտանիքը հայտնվեցին համակենտրոնացման ճամբարում։ Մայրս մանկաբարձ-գինեկոլոգ է՝ 57 տարվա աշխատանքային փորձով, հայրս նույնպես մանկաբարձ-գինեկոլոգ էր, իսկ ես մեր ընտանիքի բժիշկների չորրորդ սերունդն եմ։ Մենք 4 քույր ենք, չորսս էլ բժիշկներ ենք, և բոլորս էլ մեր մասնագիտությամբ ենք աշխատում։ Երեք գինեկոլոգ և մեկ ատամնաբույժ»,- պատմում է նա։

7405749

Եթե ոմանք ընտրում են բժշկությունը, քանի որ այն հեղինակավոր է, իսկ հետո հիասթափություն են ապրում դժվարությունների պատճառով, ապա Ասյան իր աչքերով է տեսել այս մասնագիտության դժվարությունները և գիտակցաբար է ընտրել իր ուղին։

«Մենք տեսել ենք, թե ինչպես էր մեր մայրը տանջվում, օրերով տուն չէր գալիս: Մեր տանը խոսում էին միայն հիվանդների մասին, թե որ հիվանդն է առողջացել, ո՞րն է ծանր վիճակում, ում են կարողացել օգնել: Ողբերգական դեպքեր էլ են եղել: Ահա այսպես էլ մենք մեծացել ենք: Հայրս շատ լավ մարդ էր, լավ բժիշկ, նա մահացել է 42 տարեկանում ավտովթարից»:

Ասյան 1995 թվականին ավարտել է բժշկական ինստիտուտը։ Դեռ ընդունվել է Ստավրոպոլի պետական բժշկական ինստիտուտը, ապա արդեն Հայաստանում ավարտել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը։ Դժվար էին ոչ միայն ուսանողական տարիները, այլև կարիերայի սկիզբը ցուրտ ու սոված 90-ականներին։ 1996 թվականին աշխատանքի է ընդունվել Ախալքալաքի հիվանդանոցում։

«Ծննդասենյակում ենք ծննդաբերություններն ընդունում, որտեղ կային վառարաններ: Դա այն չէր, ինչ մենք ակնկալում էինք, երբ ավարտում էինք բժշկական համալսարանը: Մենք աշխատում էինք փոքր շարժիչի լույսի ներքո, որը հոսանքով ապահովում էր միայն վիրահատությունների ժամանակ»:

IMG-20221116-WA0002

Կյանքն ավելի դժվարացավ, երբ ստեղծեց իր սեփական ընտանիքը, ունեցավ երեխաներ։

«Շատ դժվար էր, երբ արդեն ունեի երկու երեխա՝ ծնվեց Օֆելյան, իսկ Զոյան մեկ տարեկան էր, սկեսուրս մահացավ։ Ես օգնող ձեռք չունեի։ Ես պետք է աշխատեի, հղիության և ծննդաբերության արձակուրդից չէի օգտվել, ես պետք է երեխաներին մեծացնեի, նրանց ոտքի կանգնեցնեի: Անչափ շնորհակալ եմ ամուսնուս աջակցության և ըմբռնման համար, որը նա ցուցաբերում է իմ և իմ դժվարին մասնագիտության նկատմամբ»։

Ավելի ուշ Ասյան երրորդ երեխային է լույս աշխարհ բերում։ Սպասվածին հակառակ՝ երեխաներից միայն մեկն է գնում մոր հետքերով։

«Հիմա երեխաներն այլ կերպ են մտածում, ուզում են ավելի արագ ոտքի կանգնել, ավելի արագ սկսել հացի փող վաստակել։ Բժշկության մեջ դա շատ երկար ժամանակ է պահանջում։ Պետք է սովորել 10 տարի, ամեն օր աշխատել քո հեղինակության վրա։ Պետք է զգալ այս մասնագիտության կոչումը և անձնազոհության պատրաստակամությունը։ Երեխաներն ընտրեցին իրենց ճանապարհը, թեև ես անձամբ պնդում էի, որքան կարող էի։ Երեխաներս լավ էին սովորում, կարող էին լավ բժիշկներ դառնալ, բայց գործունեության այլ ուղղություններ ընտրեցին։

Բժշկի աշխատանքում ամենաողբերգականը, ըստ բժշկուհի Ասյայի, այն ծննդաբերությունն է, որն ավարտվում է երեխայի կամ մոր մահով։

«Ոչինչ չես կարող համեմատել ծննդաբերության ժամանակ մոր կորստի հետ: Սա ողբերգություն է բոլորի համար՝ հարազատների, նրա ընտանիքի և բժշկի համար։ Այս հետքն ու սպին մնում են կյանքի ողջ ընթացքում։ Անկախ նրանից, թե որքան կյանքեր են փրկվում բժշկի պրակտիկայում, նմանօրինակ մեկ ողբերգական դեպքը կարող է խաչ քաշել նախկինում ծավալած ողջ գործողության վրա: Եվ միշտ չէ, որ դա բժշկի մեղքով է տեղի ունենում»:

Կյանքում մանկաբարձ-գինեկոլոգը որոշել է ավելի պարզ լինել և ուրախանալ մանրուքներից։

«Ես երբեք չեմ անհանգստանում առօրյա, կենցաղային խնդիրներից։ Երեխաներս մանկուց գիտեին, որ իրենց մայրն աշխատում է։ Նրանք պետք է կարողանային ճաշ պատրաստել, կարողանային իրենց մասին հոգ տանել, ինքնուրույն կատարել տնային աշխատանքը: Ես երբեք չեմ կենտրոնանում այնպիսի բաների վրա, որոնք կարող են փչացնել իմ տրամադրությունը»։

Ասյան, բացի կյանքում իր ամենից կարևոր դերերից, հասցնում է նաև բիզնեսում փորձ ձեռք բերել՝ հագուստի փոքրիկ խանութում։

«Երբ երեխաները մեծացան, հավակնություններ ունեին արտասահման մեկնելու, լեզուներ սովորելու։ Որպեսզի ինչ-որ կերպ օգնեի ամուսնուս, ես ստիպված էի զբաղվել բիզնեսով: Այս ամենը, իհարկե, դժվար է: Դա և՛ ժամանակ է, և՛ հոգնածություն, բայց այդ ամենը նաև հաճույք է պատճառում»:

Չնայած այն հանգամանքին, որ Ասյան շատ քիչ ազատ ժամանակ ունի, նա փորձում է զբաղվել այն ամենով, ինչն իրապես իրեն հաճույք է պատճառում։

«Ես սիրում եմ նվագակցել, նվագում ենք, երգում ենք, երբ հավաքվում ենք միասին, երբ հյուրեր ունենք, հարազատներ են գալիս, դա մեծ հաճույք է պատճառում»:

Նա միշտ գիտակցել է պատասխանատվությունը, որի տակ «ստորագրել է»՝ Հիպոկրատի երդում տալով: Նա իմացել է, որ կլինեն անքուն գիշերներ, պահեր, երբ բժիշկն անզոր է, պահեր, երբ միշտ չի կարողանա օգնել հիվանդին, բայց երբեք չի զղջում իր ընտրության համար։ Նա գիտի, որ «բժշկության մեջ 1+1 միշտ չէ, որ հավասար է 2-ի»:

«Ամեն առավոտ արթնանալով, ես երախտապարտ եմ նախախնամությանն այն բանի համար, որ եկել է նոր օր, և ես պետք է շտապեմ աշխատանքի, օգնեմ մարդկանց, ուրախանամ կյանքով» – ասում է բժիշկ Ասյան: