Այսօր Միխեյիլ Սաակաշվիլին Լեհաստանում Ուկրաինայի դեսպանությունում ստացել է Ուկրաինայի քաղաքացու անձնագիրը, որից հետո նա Վարշավայից թռել է Կիև: Նախօրեին Սաակաշբիլիի Ուկրաինայի քաղաքացիությունը վերականգնվել էր Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանագրով:
Ինչպես հայտնի է, Սաակաշվիլուն Ուկրաինայի քաղաքացիություն դեռ շնորհել էր, իսկ երկու տարի անց զրկել էր Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն:
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին մեկնաբանել է Ուկրաինայի քաղաքացիության վերականգնման հարցը Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլիին:
«Սա Ուկրաինայի ինքնիշխան որոշումն ու իրավունքն է», – լրագրողների հետ զրույցում ասել է Չուգոշվիլին:
Վրաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչը նաեւ նշել է, որ Սաակաշվիլիի վերադարձից հետո «բոլորը կտեսնեն թե ինչ դեր կխաղա Միխեյիլ Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքականությունում»:
Միեւնույն ժամանակ, Թամար Չուգոշվիլին ընդգծել է, որ Ուկրաինան Վրաստանի կարեւոր գործընկերն է եւ «ոչինչ չի կարող դրան խանգարել»:
«Ուկրաինան մեր շատ կարեւոր գործընկերն է: Մենք համագործակցում ենք Ուկրաինայի հետ շատ թեմաներով, հատկապես եվրաատլանտյան ինտեգրման, ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցերում: Վրաստանը, Ուկրաինան եւ Մոլդովան Արեւելյան գործընկերության շրջանակներում շատ հուսալի գործընկերներ են: Հետեւաբար, կարծում եմ, որ ոչինչ չի կարող դրան խոչընդոտել եւ չի կարող դրան խանգարել», – ասել է Չուգաշվիլին: