Ախալքալաքում տեղի ունեցած միջադեպից հետո նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեի շտաբը պահանջում է Հենզել Մկոյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից։
Ընդդիմադիր թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավար Գիորգի Վաշաձեի խոսքով, երեկ երեկոյան, երբ նրանք ուսումնասիրել են միջադեպը, այլ հանցանքներ ևս բացահայտել են: Նրա պնդմամբ, իրավապահները համարժեք չեն արձագանքել տեղի ունեցածին։
Գիորգի Վաշաձեի խոսքերով, հարձակումը տեղի է ունեցել առավոտյան ժամը 11-12-ի սահմաններում, երբ շտաբի ներկայացուցիչներն ընտրական խախտումների մասին արձանագրություններն էին բերում ներկայացնելու: Վաշաձեն նաև ասում է, որ Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Հենզել Մկոյանն անձամբ մասնակցել է ծեծկռտուքին: Բացի այդ, ըստ նրա, զինված մարդիկ են եղել:
Շտաբի ղեկավարը տեղեկացրել է, որ միավորված ընդդիմությունը նախընտրական շրջանում տեղի ունեցած միջադեպերի հետաքննության հատուկ քննչական խումբ է ստեղծում։ Ընդդիմությունը կոչ է անում փորձագետներին և փաստաբաններին ներգրավվել քննչական խմբի աշխատանքներում: