Ազավրեթի դպրոցում թե ուսուցիչները, թե աշակերտները դպրոց են հաճախում յուրաքանչյուր պահի վտանգելով սեփական կյանքը:

Փետրվարի 1-ից Ազավրեթի հանրային դպրոցում դասերն ընթանում են, մեղմ ասած, ճգնաժամային պայմաններում: Դպրոցը ենթակա է փլման, երկրորդ կիսամյակի դասերն սկսվելու նախօրյակին տնտեսվարը հրաման է ստանում տնօրենից, որ մաքրի ծխնելույզները: Ծխնելույզները մաքրելու ժամանակ, ծածկի վրայով քայլելիս տնտեսվարի ոտքերը հայտնվում են դասասենյակում: Առաստաղի տախտակները փտած են եղել:
Azavreti dproci arastaxy

«Այնպիսի փլուզում չի եղել, որ վտանգ ներկայացնի: Այս մասին անմիջապես ահազանգել ենք իշխանություններին: Իշխանության ու նախարարության ներկայացուցիչները անմիջապես արձագանքեցին կատարվածին և եկան տեղում ստուգեցին: Իսկ նախարարությունից հրահանգ եկավ, որ դպրոցը շահագործման ենթակա չէ»,- ասաց Ազավրեթի դպրոցի փոխտնօրեն Հարություն Այվազյանը:

5-րդ դասարանի աշակերտ Նարեկը ուսուցչին բողոքում է՝ «հարգելի, վերևից գլխիս հող է թափվում», ուսուցիչը, չկարողանալով երեխային հակառակի մեջ համոզել, ի վերջո պատասխանում է՝ «ոչինչ, դու էլ թափ տուր, կանցնի»:

Դպրոցի միջանցքում և դասասենյակներում սյուն են ամրացրել, որպեսզի առաստաղը չփլվի: Ինչպես նաև դպրոցը վարձակալությամբ մի սենյակ են վերցրել մոտակա տներից մեկում, որտեղ ընթանում են 6-րդ դասարանի դասերը: Չնայած, այս սենյակը ևս կիսամութ ու ցուրտ է, սակայն ստեղծված իրավիճակում ելք է: Թեպետ սյունը ժամանակավոր լուծում է, սակայն փաստացի այն 217 աշակերտների և 30 հոգուց բաղկացած ուսուցչական կազմի անվտանգության միակ և գլխավոր երաշխիքն է: Այսպիսով գործում է դպրոցի մասնաշենքի միայն մի մասը, իսկ մյուսը՝ կիսախարխուլ վիճակում է, որտեղ անհնար է դաս անցկացնել։
Azavreti dproc

Ամրացման աշխատանքներից հետո Վրաստանի Կրթության և գիտության նախարարությունը թույլատրել է դասերն անցկացնել երկհերթյա հերթափոխով:

Ահա այս պայմաններում ուսուցչական անձնակազմը աշխատում է առավոտյան ժամը 9-ից մինչև երեկոյան 6 անց 15 րոպեին: Կենսաբանության ուսուցիչը կատակում է՝ «Առավոտյան աքլորականչին դասի ենք գալիս, իսկ, երբ հավերն են քնում, այդ ժամանակ էլ տուն ենք գնում»:

Ուսուցիչները անարդյունավետ են համարում 10-րդ կամ 9-րդ դասարանում պարապել երեկոյան ժամը 6-ին կամ 7-ին:

«Դասերի արանքում 2-4 ժամ սպասում եմ, որ ժամս գա: Մենք էլ անձնական կյանք ունենք, սա մեծ ազդեցություն ունի նաև կրթականի վրա, այն երեխան, ով սովորել էր առավոտյան արթնանալ, նախաճաշել, դասի գնալ, կենսաբանորեն էլ չի կարող ակտիվ գործնեությամբ զբաղվել»,- ասաց Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սաթենիկ Դավթյանը:

dasacucak
Վրաստանի Կրթության և գիտության նախարարությունն առաջարկել է 113 աշակերտի և 13 ուսուցչի ամեն օր տրանսպորտ տրամադրել, որպեսզի վերջիններս դասի գնան Բուռնաշեթ գյուղի դպրոցում, սակայն գյուղացիները դեմ են արտահայտվել:

«Ես կողմնակից եմ այդ տարբերակին, բայց մեր ժողովուրդը դեմ դուրս եկավ, մենք պատրաստվել էինք, բոլորին հավաքել՝ դասղեկներով, ուսուցիչներով, աշակերտներով պետք է գնայինք, գյուղացիները, աշակերտների ծնողները դեմ եղան: Մեր գյուղի պայմաններն այլ են, լեռնային պայմաններ են, հարթավայրի վրա չենք ապրում: Բքաշունչ ձմռանը ճանապարհները անանցանելի են լինում, վտանգավոր է շատ: Խոսքը ոչ թե մի քանի աշակերտի, այլ 113-ի մասին է»,- նշեց փոխտնօրենը:
dasaran

Ազավրեթի դպրոցը կառուցվել է դեռևս 1957 թվականին և մինչ օրս հիմնանորոգման նորմալ աշխատանքներ չեն իրականացվել:

«Այսօրվա դրությամբ դպրոց չունենք, շրջանի 3-րդ գյուղն ենք աշակերտների քանակով, խնդրում ենք բոլոր պատկան մարմիններից նոր դպրոցի հիմք դնել: Այսօր այդքան աշակերտ կյանքը վտանգելով դասի է գնում: Եթե համաձայնվենք Բուռնաշեթի տարբերակին, ապա մեր գյուղի դպրոցը կփակվի կամ լավագույն դեպքում 5-ամյա կդառնա: Բուռնաշեթն ունի ընդամենը 3 գյուղով՝ 70 աշակերտ: Բայց մեր գյուղից ուզում են 120 աշակերտ տանել, որը գերազանցում է իրենց 2 անգամ»,- ասաց 2 աշակերտի հայր՝ Յուրա Չախալյանը:

Կրթության և գիտության նախարարությունը խոստացել է Ազավրեթի հանրային դպրոցում հիմնանորոգման աշխատանքներ իրականացնել ապրիլ ամսին: Իսկ մինչ այդ աշակերտներն ու ուսուցիչները ստիպված են էքստրեմալ պայմաններում դասի հաճախել:

Աղունիկ Այվազյան