Ութամյա Անահիտ Ստելմաշովան դարձավ միջազգային «Ապագայի աստղեր 2015» արվեստի ու դասական երաժշտության մրցույթ-փառատոնի մրցանակակիր, ստացավ մեդալ լավագույն արտիստիկ ելույթի համար` իր հասակային խմբում:

Միջազգային «Ապագայի աստղեր 2015» արվեստի ու դասական երաժշտության մրցույթ-փառատոնը անցավ երեք փուլով: Առաջին տարածաշրջանային փուլին, որ անցավ Ախալցիխեում, մասնակցեցին Ախալքալաքի երաժշտական դպրոցի մոտ 15 սաներ: Մրցույթին մասնակցում էին նաև Սամցխե-Ջավախքի այլ երաժշտական դպրոցների սաներ:

Երկրորդ փուլը անցավ Թբիլիսիում, այնտեղ ութամյա Անահիտ Ստելմաշովան Սամցխե-Ջավախքի միակ ներկայացուցիչն էր: Նա շահեց փառատոնի երրորդ փուլի մասնակցության ուղեգիր, որը անցնելու էր Թուրքիայում, դառնալով մրցանակակիր հանդիսատեսի համակրանք նոմինացիայում:

Միջազգային «Ապագայի աստղեր 2015» արվեստի ու դասական երաժշտության մրցույթ-փառատոնի երրորդ փուլը անցավ Թուրքիայի Մարմարիս քաղաքում սեպտեմբերի 5-ից մինչև 11-ը, որին մասնակցում էին 12 երկրների մասնակիցներ, փոքրիկ Անահիտը դարձավ փառատոնի արտիստիկ դաշնակահարը:

Անահիտ Ստելմաշովայի ելույթի արդյունքներով «Արդյունավետ ու հմուտ աշխատանքի համար» պարգևատրվեց նաև նրա դաշնամուրի ուսուցչուհի, Ախալքալաքի երաժշտական դպրոցի տնօրեն Սվետլանա Կարոյանը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Անահիտ Ստելմաշովայի արտիստիկ ելույթը.

Քրիստինե Մարաբյան