Մայիսի 28-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում նշվեց Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 101-ամյակը:
Սուրբ Էջմիածին Եկեղեցում հնչեց հանրապետական մաղթանք՝ Հայաստանի Հանրապետության անսասանության ու պայծառության և նրա ժողովրդի՝ խաղաղ ու բարեբեր կյանքի համար։
Թբիլիսին, որտեղ 1918 թվականի մայիսի 28-ին «Հայկական ազգային խորհրդի» կողմից հռչակվել է Հայկական հանրապետությունը, այսօր տոնեց Հայաստանի առաջին հանրապետության 101-ամյակը։
«Հայարտուն» կենտրոնի սաները պարային համարներով հանդես եկան Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում, որից հետո «Հայարտան» դահլիճում մեկնարկեց տոնական միջոցառում։
Միջոցառումը մեկնարկեց ՀՀ օրհներգով: Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն իր ելույթի ժամանակ անդրադարձավ օրվա խորհրդին, ընդգծելով՝ Հայաստանի առաջին Հանրապետության դերն ու նշանակությունը։
Միջոցառմանը ցուցադրվեց առաջին Հանրապետության ստեղծման պատմության մասին վավերագրական ֆիլմ: Երգերի և երաժշտական կատարումներով հանդես եկան «Հայարտուն» կենտրոնի սաները։
Հայաստանի Հանրապետության անկախացման օրը պաշտոնապես նշվում է 1992 թվականից:
Ռիմա Մառանգոզյան