Քվեարկության արդյունքների համաձայն, Վրաստանի խորհրդարանը տապալեց համամասնական ընտրակարգին անցնելու հետ կապված սահմանադրական օրենքում փոփոխությունները: Լիագումար նիստում գրանցվել էր 141 պատգամավոր:
Համամասնական ընտրակարգին անցնելն առաջին ընթերցմամբ աջակցել էր 101 պատգամավոր, այդ թվում՝ ընդդիմադիրները: Երեք պատգամավոր դեմ էր քվեարկել, թեև քվորումը 113 ձայնն էր, այդ իսկ պատճառով օրինագիծը ձախողվեց:
Խորհրդարանի մեծամասնության 93 պատգամավորների կողմից մշակված օրինագիծը նախատեսում է փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ, ըստ որի՝ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով և զրոյական ընտրական շեմով: Այսպիսով, օրինագծի համաձայն, Սահմանադրության անցումային դրույթներից հանվում է քաղաքական 3%-ոց ընտրաշեմի և քաղաքական կուսակցությունների բլոկների մասին գրառումները: Սահմանադրական օրենքի անցումային դրույթներում գրառված բանաձևին համապատասխան, որոշելու համար, թե քանի մանդատ է ստացել կուսակցությունը, նրա ստացած ձայները բազմապատկվում են 150-ով և բաժանվում են բոլոր կուսակցությունների ստացած ձայների թվին: Արդյունքում՝ ստացված ամբողջ թիվն էլ կլինի մանդատների քանակը: Եթե քաղաքական կուսակցությունների ստացած մանդատների ընդհանուր թիվը 150-ից պակաս լինի, հերթականության կարգով չբաշխված մանդատները կբաշխվեն լավագույն արդյունք ունեցող կուսակցությունների միջև: Առնվազն 5000 ընտրողների ստորագրություններ ունեցող բոլոր կուսակցությունները կկարողանան մասնակցել 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին:
Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին, Եվրաինտեգրման խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Թամար Խուլորդավան և մի շարք այլ պատգամավորներ հայտարարել են խորհրդարանական մեծամասնությունից իրենց դուրս գալու մասին՝ ի նշան բողոքի այսօր օրենսդիր մարմնի կողմից ընտրական օրենսդրությունում սահմանադրական փոփոխությունների ընդունման և համամասնական համակարգին անցնելու ձախողման, որի ընդունման խոստումը խորհրդարանական մեծամասնությունը ժողովրդին տվել էր այս տարվա հուլիս ամսին:
Ըստ Թամար Չուգոշվիլիի, նա պատասխանատվություն չի ստանձնում համամասնական ընտրակարգի ընդունման ձախողման համար: Պատգամավորը հայտարարում է, որ նա լքում է ինչպես մեծամասնությունը, այնպես էլ փոխխոսնակի պաշտոնը: Ինչ վերաբերում է պատգամավորի մանդատին, ապա նա խոստանում է լրացուցիչ խորհրդատվություն անցնել այս հարցի շուրջ:
«Դա կարմիր գիծ էր», – հայտարարում է Չուգոշվիլին՝ փոփոխությունների փաթեթի ձախողման հետ կապված: