Մայիսի 30-ը մունիցիպալիտետի երեք ծառայությունների ղեկավարների թափուր աշխատատեղերի հայտերի ներկայացման վերջնաժամկետն է: Վերոհիշյալ ծառայություններն են՝ Վերահսկողության ծառայությունը, Ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության ու շինարարության ծառայությունը և Պետական գնումների ծառայությունը: Ներկա պահին հայտ է ներկայացրել 18 անձ:
Ենթակառուցվածքային աշխատանքների ամենաթեժ պահին՝ մայիսի 7-ին, Ախալքալաքի քաղաքապետարանի երկու ծառայությունների ղեկավարները միաժամանակ հրաժարականի դիմում են գրել: Նույն օրը Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը բավարարել է պաշտոնից հեռանալու մասին Ախալքալաքի մունիցիպալիտետի Ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության ու շինարարության ծառայության ղեկավար Ալբերտ Նահատակյանի և Պետական գնումների ծառայության ղեկավար Աշոտ Իսպիրյանի դիմումները: Այս պահին ծառայությունների ղեկավարների պարտականությունները կատարում են նրանց տեղակալները, իսկ Վերահսկողության ծառայության ղեկավարի պաշտոնը թափուր է մնացել տվյալ ծառայության հիմնադրման պահից՝ 2018 թվականի սկզբից:
«Այս տեղերը դեռևս զբաղված չեն, մրցույթը հայտարարված է, այս պահին աշխատանքն ընթանում է տրված պարտականությունների համաձայն, մինչև մրցույթն ավարտվի: Մրցույթի ավարտից հետո հանձնաժողովը կընտրի այն թեկնածուներին, որոնց փաստաթղթերն ամբողջական կլինի: Հարցազրույցից հետո 14 օրվա ընթացքում պետք է նշանակվեն ծառայությունների ղեկավարները», – ասում է Ախալքալաքի փոխքաղաքապետ Արմեն Մարանգոզյանը:
Հարցին, թե որքանով է ճիշտ, որ տվյալ պաշտոններում կանայք կնշանակվեն, քաղաքապետի տեղակալը պատասխանեց, որ նման տեղեկություն չի կարող լինել:
Պետական կայքում hr.gov.ge թափուր աշխատատեղի 3 հայտարարություն կա: Վերահսկիչ ծառայության ղեկավարի պաշտոնի համար արդեն 9 հայտ է ներկայացվել, Ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության ու շինարարության ծառայության ղեկավարի պաշտոնի համար՝ 2 հայտ, իսկ Պետական գնումների ծառայության ղեկավարի պաշտոնի համար՝ 7 հայտ:
Քաղաքապետարանի առանցքային ծառայությունների ղեկավարների պաշտոնի համար կանցկացվի մրցույթ, հայտերի ընդունումը կշարունակվի մինչև այս տարվա մայիսի 30-ը: Որից հետո հարցազրույցի կկանչվեն այն թեկնածուները, ովքեր հաջողությամբ կանցնեն փաստաթղթերի ընտրության փուլը:
Բոլոր երեք ղեկավարների աշխատավարձը նշված է 1500 լարի: Նրանից յուրաքանչյուրը պետք է 12 ամիս փորձաշրջան անցնի: Թեկնածուները պետք է ունենան բարձրագույն կրթություն և լավ տիրապետեն Microsoft Office Word և Microsoft Office Excel համակարգչային ծրագրերին: Յուրաքանչյուր պաշտոնն ունի իր նշված պարտականությունները, որոնք կախված են աշխատանքի ոլորտից և մրցութային թեմաները, որոնք ընդհանուր առմամբ վերաբերում են Վրաստանի օրենսդրությանը և Սահմանադրությանը: Բոլոր պաշտոններում բոլոր թեկնածուները պետք է ունենան առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ: