Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղում անցկացվեց շախմատի բաց առաջնություն «Մեր միտքն անպարտ է» կարգախոսով: Մրցաշարը նվիրված էր Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության սուրբ զոհերի հիշատակին:

Առաջնությունն անցկացվեց 2016 թ. ապրիլի 28-ին և 29-ին: Ապրիլի 28-ին, ժամը 11:00-ին կայացավ առաջնության բացումը: Պաշտոնական բացմանը ներկա էին տեղի իշխանությունների ներկայացուցիչները` Ախալքալաքի Շրջանային ժողովի (Սակրեբուլո) նախագահ` Համլետ Մովսիսյանը, Շրջանային վարչության նախագահ` Էդուարդ Աղասարյանը, Դիլիսկա գյուղի լիազոր՝ Էդուարդ Կարախանյանը, Դիլիսկա գյուղի տարածքային շրջանի Սակրեբուլոյի պատգամավորները և ուրիշներ:

Դիլիսկայում շախմատի առաջնությունն անցկացվում է արդեն երկրորդ տարին՝ «Մեր միտքն անպարտ է» կարգախոսով:

Դիլիսկայի Սուրբ Սարգիս Եկեղեցում հոգևորականները կատարեցին բարեխոսական աղոթք, նվիրված Հայոց մեծ Եղեռնի Սբ Նահատակներին, որից հետո Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տիգրան քահանա Մխիթայանն ազդարարեց մրցաշարի սկիզբը:

Այնուհետև հավաքվածները ծաղիկներ դրեցին եկեղեցու հարևանությամբ գտնվող Հայոց ցեղասպանությանը նվիրված խաչքարին, որը տեղադրվել էր անցյալ տարի, Ցեղասպանության 100-րդ տարելիցին:

shax2

Առաջնության խաղերը կայացան Դիլիսկա գյուղի շախմատի դպրոցում: Մասնակցում էին 60 մարդ, որոնցից 10-ը մեծահասակներ էին, իսկ մնացածները` դպրոցականներ:

Դիլիսկա գյուղի շախմատի դպրոցը գործում է 2009 թվականից, սակայն, շրջանի կողմից ֆինանսավորվում է 2014 թվականից: Դպրոցում սովորում է մոտ 70 երեխա, որի կեսը աղջիկներ են:

shax1

«Մենք խնդիրներ ունենք, բայց Մոսկվան էլ միանգամից չի կառուցվել: Ամենացավոտ խնդիրը դպրոցի ջեռուցման համակարգն է, սակայն շրջանի ղեկավարությունը խոստացել է այս տարի լուծել այս խնդիրը», – ասում է շախմատի դպրոցի տնօրեն և մարզիչ` Ռազմիկ Գոգորյանը:

Առաջնությունը ֆինանսավորում է գյուղի նախկին բնակիչ, ռուսաստանաբնակ Փիլոս Մանուկյանը: Ըստ տնօրենի առաջնությունը շարունակական է լինելու:

Շուշան Շիրինյան