Ախալքալաքի թիվ 2 ռուսական դպրոցում տեղի ունեցավ ամենայն հայոց բանաստեղծ եւ գրող Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված գրական-երաժշտական երեկո:
Միջոցառմանը մասնակցում էին առաջինից մինչև տասներկուերորդ դասարանների աշակերտները:
Մասնակիցներին ողջունեց դպրոցի տնօրեն Կարինե Նահատակյանը, ասելով, որ դպրոցը ցանկանում է իր լուման ներդնել մեծն Թումանյանին նվիրված հոբելյանական միջոցառումներին: Նա նշեց, որ Թումանյանի ստեղծագործություններում մարմնավորված է են հայ ժողովրդի բնավորությունը, անցյալն ու ապագան:
Ռուսական դպրոցի աշակերտները հայերենով դերասանական ոճով ներկայացրեցին Թումանյանի ստեղծագործությունները: Հակիրճ պատմեցին նրա կենսագրությունը, նրա Ջավախք այցելության դրվագների մասին, ընթերցեցին նրա բանաստեղծությունները, երգեր երգեցին, ինչպես նաեւ ներկայացրեցին բեմականացումներ նրա ստեղծագործություններից: Երեխաները կարողացան փոխանցել Թումանյանի էներգիան եւ ոգին:
Միջոցառումը տեւեց մոտ երկու ժամ: Վերջում, շնորհակալություն հայտնելով երեխաներին, քահանա Տեր Տիգրան Մխիթարյանն ասաց, որ եթե միջոցառումը տեւեր ավելի երկար, ապա նա մեծ հաճույքով էլի կդիտեր այն:
«Թումանյանն այն մարդն է, ով երբեք չի դադարում մեզանում ապրել իր ստեղծագործությամբ եւ խորությամբ: Դուք մեզ տվեցիք այն էներգիան, որին մենք երկար տարիներ կարոտել էինք», – ասաց Տեր Տիգրանը:
Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը ևս երեխաներին եւ ուսուցիչներին, միջոցառման համար, շնորհակալություն հայտնեց:
Ելույթ ունեցավ նաև միջոցառման կազմակերպիչը՝ ռուսական թիվ 2 հանրակրթական դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Ալվարդ Անտոնյանը: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր օգնել էին կազմակերպել երեկոն:
Շուշան Շիրինյան