Ամեն տարի մայիսի կեսերից Կախեթիի, Մառնեուլիի, Սագարեջոյի, Գարդաբանիի և այլ շրջաններից ակտիվորեն սկսվում է ոչխարների տեղաշարժը` դեպի Սամցխե-Ջավախեթիի արոտավայրեր: Իսկ աշնանը սկսում են վերադառնալ իրենց շրջաններ։

Այս մասին հայտնում է NOR ռադիոն։

Գործընթացը Նինոծմինդայի մունիցիպալիտետում արդեն ընթանում է, որը սովորաբար տևում է մոտավորապես մեկ ամիս:

Նշենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի մի շարք գյուղեր, այդ թվում՝ Սաղամո գյուղի բնակիչները դժգոհություն են հայտնում, որ իրենց գյուղերով են ոչխարներին տեղափոխում՝ ամեն անգամ գյուղերում տարբեր խնդիրներ առաջացնելով:

«Ինչպես գարնանն այնպես էլ աշնանը ոչխարները տեղափոխում են Սամցխե-Ջավախքի արոտավայրեր, որի ընթացքում սեփականություն հանդիսացող թե վարելահողերը, թե արոտավայրերը դառնում են անօգտագործելի։ Վերջերս ամբողջովին արածել էին բնակիչներից մեկի արտը: Սա մեծ խնդիր է, ինչ գործ ունի ոչխարների հոտը գյուղով կամ հարակից տարածքով, իրենք ունեն իրենց օրենքով սահմանված երթուղին թող այդպես էլ շարժվեն»,- NOR ռադիոկայանի հետ զրույցում ասել է Սաղամո գյուղի բնակիչներից մեկը:

Նինոծմինդայի քաղաքապետարանի տնտեսական զարգացման և գույքի կառավարման ծառայության պետ Սայաթ Մկոյանը՝ NOR ռադիոկայանի հետ զրույցում ասել է. «Ընդհանուր մեր ամառային արոտավայրերը կազմում են 43 000 հեկտար, որտեղ այս տարի տեղափոխվել էին 200 000-ից մինչև 250 000 ոչխար: Ասեմ, որ այդ տարածքների 50%-ը սեփական է, 10%-ը՝ մունիցիպալ, իսկ մնացածը պետական սեփականություն է, որն էլ վարձակալությամբ է տրվում։ Իսկ ինչ վերաբերվում է հարկերին՝ ասեմ, որ սեփականատերերը հարկերը վճարում են քաղաքապետարանին, որը պարտավոր են վճարել մինչև նոյեմբերի 15-ը։ Հարկը կազմում է 16 լարի, իսկ վարձավճարը կազմվում է ըստ աճուրդով ձեռք բերած գումարի»: