Երեկ՝ նոյեմբերի 22-ին, Ախալքալաքի Սակրեբուլոյի բյուրոյի նիստում քննարկվեց 2022 թվականի բյուջեի նախագիծը։ Բյուջեի նախագիծն ուղարկվեց քաղաքապետարան՝ լրամշակման։ Պատգամավորներն առաջարկեցին սոցփաթեթում ավելացնել երկու փոփոխություն։

Քաղաքապետի տեղակալ, Ախալքալաքի քաղաքապետարանի ֆինանսական ծառայության նախկին ղեկավար Մկրտիչ Մղդեսյանը բյուրոյի անդամներին ներկայացրեց 2022 թվականի բյուջեի նախագիծը, հրապարակեց ենթակառուցվածքային աշխատանքների, նախադպրոցականների և դպրոցականների տեղափոխման համար հատկացված գումարները, շրջանի եկամուտները, քաղաքապետարանի և սակրեբուլոյի ծախսերը.

Սակրեբուլոյի ֆինանսա և բյուջետային հանձնաժողովի նախագահ Սեդա Մելքումյանն ասաց, որ իրենք մի քանի օր մանրամասն քննարկել են 2022 թվականի բյուջեի նախագիծը և ընդհանուր առմամբ գոհ են նախագծից։ Սակայն առաջարկեցին փոխել սոցիալական փաթեթի ծախսերը։

Սոցիալական փաթեթում փոփոխությունների առաջարկները հետևյալն են. ծածկել միայնակ ծնողների բարձրագույն կրթության վարձի 50%-ը, իսկ մարզում մասնագիտական ​​կրթությունը խրախուսելու նպատակով, տարեկան 150 լարի, միանվագ, պարգևատրել Սամցխե-Ջավախքի համալսարանի մասնագիտական ​​դասընթացների բոլոր գերազանցիկ ուսանողներին։

Բյուրոյի նիստին մասնակցում էին քաղաքապետարանի պլանավորման և տնտեսագիտական ​​ծառայության մասնագետ Վահան Բաթոյանը և Ախալքալաքի քաղաքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի ծառայության ղեկավար Վալերի Ստելմաշովը։

Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը Վահան Բաթոյանին առաջարկեց ուշադիր լինել առաջնահերթ աշխատանքների ընտրության հարցում։ Նա հատկապես նշեց գյուղերի ոռոգման համակարգերի խնդիրները, առաջարկեց վերանայել գյուղերի արոտավայրերի հարցը՝ առաջին հերթին բնակչությանը ապահովելու, հետո միայն վարձակալության տալու համար։