Մայիսի 15-ին Թբիլիսիում տեղի ունեցավ հանրային քննարկում «Հայաստանի թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց՝ փոփոխություններ և սպասելիքներ» վերտառությամբ:
Քննարկման խոսնակներն էին ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Զոլյանը, Երևանի պետական համալսարանի քաղաքակրթության և մշակութաբանության կենտրոնի հետազոտող Աննա Դավթյան-Գևորգյանը և հայ-վրացական «Ալիք Մեդիա» տեղեկատվական հարթակի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը։
«Հայաստանի թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց» հանդիպման նպատակն էր ներկայացնել այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել մեկ տարվա ընթացքում և առաջիկա սպասելիքների մասին։
Հանդիպումը վարում էր Հայնրիխ Բյոլի հիմնադրամի կորդինատոր Լիլիա Չիխլաձեն, ով իր խոսքում նշեց, որ նմանատիպ հանդիպումները նպաստում են երկու հարևան երկրների միջև կապերի ամրապնդմանը:
«Կարծում եմ այս քննարկումը շատ հետաքրքիր էր։ Մենք նմանատիպ հանդիպում իրականացրել ենք անցած տարի հենց ցույցերի ավարտից մի քանի շաբաթ անց: Շատ ուրախ եմ, որ ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա մարդկանց հետաքրքրությունը մեծ է: Ապագայում էլ կշարունակենք նմանատիպ քննարկումներ անցկացնել ու կփորձեն Վրաստանում ապրողներին տեղեկություն փոխանցել, թե ինչ է կատարվում Հայաստանում, քանի որ նմանատիպ հանդիպումները նաև նպաստում են Վրաստանի և Հայաստանի միջև կապերի ամրացմանը», – ասաց Լիլիա Չիխլաձեն։
Ներկաներին հետաքրքրում էին տարբեր հարցեր, ինչպես տեղական ինքնակառավարման, այնպես էլ արտաքին քաղաքականության վերաբերյալ, հարցեր եղան նաև Արցախի թեմայով։
«Հետաքրքրություն կա այն ամենի հանդեպ ինչ տեղի է ունենում Հայաստանում, և մենք փորձեցինք ներկայացնել հիմնական նվաճումները, որոնք իրականացվել են մեկ տարվա ընթացքում: Այն խնդիրների մասին, որոնք մենք դեռ պետք է կարողանանք հաղթահարել։ Այսպիսի քննարկումները շատ օգտակար են, որպեսզի Վրաստանի հասարակությունն ավելի լավ հասկանա, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում, բայց մեզ համար էլ է օգտակար, որովհետև միշտ լավ է կողքի հայացքը, որ կարողանաս գնահատել այն նվաճումները, որոնք իրոք կան և որոնք հաճախ դժվար է նկատել», – ասաց քննարկման խոսնակներից, ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Զոլյանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև հետևյալ ուղղություններին.
. Ի՞նչ դեր են խաղացել կանայք թավշյա հեղափոխության ընթացքում
. Որո՞նք են ներկա կառավարության արտաքին քաղաքականության առանցքային առաջնահերթություններն ու մարտահրավերները
. Ո՞րն է հասարակական կազմակերպությունների դերը Թավշյա հեղափոխությունից հետո:
Երևանի պետական համալսարանի քաղաքակրթության և մշակութաբանության կենտրոնի հետազոտող Աննա Դավթյան-Գևորգյանը խոսեց կանանց դերակատարության մասին:
«Հեղափոխությանն իսկապես շատ զգալի էր կանանց մասնակցությունը, սակայն եթե դիտարկենք թվերը, որոնք ցույց են տալիս կանանց ներկայացվածությունն այսօր կառավարությունում և ազգային ժողովում, ցավոք սրտի, դրանք այնքան էլ հուսադրող չեն: Մենք շատ հետաքրքիր, բացառիկ իրավիճակ ունենք ոչ միայն կանայք, այլ նաև տղամարդ պատգամավորներն են խոսում գենդերային հավասարության կարևորության մասին: Ավելին, առաջին անգամ այդ խնդիրներին անդրադառնում է նաև վարչապետը, և ունենք առաջին տիկին, որը խոսում է կանանց մասնակցության կարևորության մասին խաղաղաշինության գործում և ունի նախաձեռնություն, որ կոչվում է կանայք հանուն խաղաղության», – տեսակետ հայտնեց Աննա Դավթյան-Գևորգյանը։
Հայնրիխ Բյոլի անվան Թբիլիսիի գրասենյակում Հայաստանի թավշյա հեղափոխության վերաբերյալ քննարկումն անցկացվեց անգլերեն լեզվով և ներկաները Թբիլիսիի այն բնակիչներն ու լրագրողներն էին, ովքեր հետաքրքրված են և հետազոտություններ են անցկացնում հայկական հարցով։
Ռիմա Մառանգոզյան