Ազգային գինու գործակալության տվյալներով, փառատոնին մասնակցելու համար 13 երկրներից Թբիլիսի են ժամանել գինու փորձագետներ, գինի համտեսողներ, վարպետներ, ներկրողներ, մատռվակներ, բլոգերներ և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Փառատոնը կազմակերպվել է Վրացական Գինու ակումբի կողմից` Ազգային գինու գործակալության և Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ:
Ազգային գինու գործակալության ղեկավար Լեւան Մեխուզլան հայտարարել է, որ փառատոնի հիմնական նպատակն է վրացական գինու տարածումը և ճանաչելիությունը, նաև Վրաստանում գինեգործական կրթության մակարդակի բարձրացումը:
«Փառատոնն այս տարի առանձնանում է հյուրերի և մասնակիցների մեծ թվաքանակով: Գինու ազգային գործակալության աջակցությամբ, Վրաստան են ժամանել մեծ թվով գինու արհեստավարժ մասնագետներ՝ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից և այլ երկրներից: Այսօր նրանք ծանոթանում են վրացական գինու և գինու մշակույթի հետ: Այս փառատոնը ծառայում է վրացական գինու տարածմանը և ճանաչելիության բարձրացմանը», – ասել է Լեւան Մեխուզլան:
Փառատոնն ավանդաբար սկսվեց քվևրիի (գինու պատրաստման համար նախատեսված կարաս) բացման արարողությամբ: Արարողության համար գինու ակումբը քվևրին ընտրել է Թերջոլայի մունիցիպալիտետի Թելեպա գյուղից՝ «Օցխանուրի» գինով, քվևրիից գինին համտեսելուց հետո այն նվեր փոխանցվեց փառատոնի հյուրերին:
Փառատոնին ներկայացվեցին տարբեր գինիներ` Կախեթիի, Քարթլիի, Իմերեթիի, Գուրիայի, Սամեգրելոյի, Ռաճա-Լեչխումիի, Աջարիայի, Սամցխե-Ջավախեթիի շրջաններից: