Պատգամավոր Հենզել Մկոյանի աջակցության հայտարարությամբ ելույթ ունեցավ «Վրացական երազանքը` տարածաշրջանների զարգացման համար» խմբակցությունը, ինչպես նաեւ մեծամասնության առաջնորդ Արչիլ Թալակվաձեն:
Հոկտեմբերի 31-ին, Արչիլ Թալակվաձեն խորհրդարանի լիագումար նիստում հայտարարեց, որ Ախալքալաքում Վաշաձեի կողմնակիցները հրահրել են բռնություն և լարվածություն են ստեղծել, երբ նրանք ցուցադրաբար պատռել են քարոզչական պաստառները եւ ենթադրաբար՝ ծանր վիրավորանքներ են հասցրել Սալոմե Զուրաբիշվիլիի կողմնակիցներին:
Դրա հետ մեկտեղ, ինչպես նշել է Թալակվաձեն, նրանք խուսափում են տեղի ունեցած բռնությունից: Նրա խոսքերով, բռնությունն այն տեխնոլոգիան չէ, որի միջոցով ընտրություններին կարող են հասնել որևէ արդյունքի:
«Ես կոչ եմ անում քննչական մարմիններին համոզիչ կերպով հետաքննել այս փաստը եւ արձագանքել՝ սկզբունքորեն և պատշաճ կերպով», – հայտարարել է Թալակվաձեն:
«Վրացական երազանքը` տարածաշրջանների զարգացման համար» խմբակցության հայտարարությունում նաև խոսվում է, որ ՄԱՇ-ի կողմից իրագործվել է սադրանք.
«Մեր խմբակցության անդամ Հենզել Մկոյանը 20 տարվա քաղաքական փորձ ունի, 2016 թ-ին առաջին անգամ նա ընտրվել է որպես խորհրդարանում մունիցիպալիտետի ներկայացուցիչ, ինչը լավագույնս խոսում է նրա աշխատասիրության եւ իր ժողովրդին նվիրվածության մասին: Մենք հայտարարում ենք, որ ոչ ոքի թույլ չենք տա ճնշել մեր խմբակցության անդամին՝ մեր զինակցին եւ համախոհին», – ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին՝ կեսօրից հետո, միասնական ընդդիմության «Ուժը միասնության մեջ է»-ի Ախալքալաքի շտաբի մոտ տեղի էր ունեցել զանգվածային ծեծկռտուք՝ խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի բարեկամների և սերտակիցների և շտաբի աշխատակիցների միջև: Տուժել էին «Ուժը միասնության մեջ է»-ի շտաբի 4 աշխատակիցներ, հիմա նրանց վիճակը նորմալ է գնահատվում: Այս փաստով ընթանում է հետաքննություն՝ համաձայն Վրաստանի ՔՕ-ի 239-րդ հոդվածի, ինչը ենթադրում է՝ «Հրազենով կամ այլ զենքի տեսքով օգտագործված առարկայով կատարված կանխամտածված խուլիգանություն»: