Ամեն տարի, Հաղթանակի օրը, և Ախալքալաքում, և Նինոծմինդայում, ինչպես նաև Վրաստանի մյուս քաղաքներում, Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններն արժանանում են մեծ ուշադրության: Ամեն տարի այդ իրադարձության նկատմամբ ԶԼՄ-ների կողմից հետաքրքրություն չկար, սակայն այս տարի հետաքրքրությունն առաջացավ, որի արդյունքը դարձավ սոցիալական ցանցեում ատելության խոսքի օգտագործումը:
Լրատվամիջոցների հետաքրքրվածությունն առաջացավ տարածված այն տեղեկատվության պատճառով, որ Վրաստանի 5 քաղաքներում, այդ թվում Նինոծմինդայում և Ախալքալաքում անցկացվելու են «Անմահ գնդի» քայլերթեր: Լրագրողները հավաքվել էին Ախալքալաքում և Նինոծմինդայում` սենսացիայի ակնկալիքով, այս իրադարձությունը լուսաբանում էին բոլոր կենտրոնական լրատվամիջոցները:
Հաղթանակի օրը միջոցառումները խաղաղ անցան: Սովետական սիմվոլիկայի արգելքն ըստ Վրաստանի օրենսդրության մեծամասամբ պահպանվում էր: Համաձայն «Ազատության խարտիայի» արգելվում է «Կոմունիստական տոտալիտար խորհրդանիշները` խորհրդանիշեր, որոնք կապված են կոմունիստական տոտալիտար գաղափարախոսության հետ եւ արտացոլում են կոմունիստական տոտալիտար ռեժիմը (№ 1867, 12/25/2013)»: Ախալքալաքում տեղի ունեցած իրադարձության ընթացքում չի օգտագործվել օրենքով արգելված ոչ մի խորհրդանիշ, իսկ Նինոծմինդայում արձանագրվել է մեկ դեպք՝ պատերազմի ժամանակվա պիլոտկայի (օդաչուի գլխարկ) վրա կարելի էր տեսնել կարմիր աստղը:
«Ռուսթավի 2» հեռուստաալիքը 9 րոպեանոց նյութ էր պատրաստել, որտեղ ասվում է, որ «Ախալքալաքում և Նինոծմինդայում Հաղթանակի օրը նշվել է հագեցած խորհրդային խորհրդանիշներով», միևնույն ժամանակ ցույց տալով Նինոծմինդայում միջոցառման ներկաներից մեկի այն կարմիր աստղով պիլոտկան և Ախալքալաքում վետերաններից մեկի կրծքի աստղով մեդալը: Հեռուստաալիքի լրագրող Թամթա Դոլեջաշվիլին փորձում էր պարզել, թե «ով է երեխաներին ստիպել» երգել՝ «Հաղթանակի օրը» եւ խորհրդային շրջանի այլ երգեր:
Անհնար էր գտնել Նինոծմինդայում կազմակերպված միջոցառման կազմակերպիչներին, որը փորձում էին պարզել լրագրողները, քանի որ արդեն երրորդ տարին է այստեղ տեղի է ունենում պատերազմի մասնակիցների հարազատների երթը` նրանց լուսանկարներով, դա կազմակերպված չէ ռուսական «Անմահ գունդ» շարժման կողմից: Մարդիկ իրենք են դուրս գալիս իրենց լուսանկարներով: Այս տարի Նինոծմինդայում շատ ավելի քիչ մարդիկ էին, քան նախորդ տարիներին:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի մշակույթի, սպորտի, հուշարձանների և երիտասարդության հարցերով ծառայության պետ Ժորա Սնխչյանը, որը 3 տարի առաջ նկարներով քայլերթի նախաձեռնողներից մեկն էր, ասում է, որ մայիսի 9-ին անսովոր ոչինչ չի եղել:
«Տոնակատարությունը, մասնավորապես, կապված էր Հաղթանակի օրվա հետ, միայն մեկ երիտասարդ մարդ պիլոտկայով էր, դա ոչինչ չի նշանակում: Չկար ոչ մի խորհրդային ատրիբուտիկա, միայն Սաթխայից հիվանդ տղան էր օդաչուի գլխարկով: Նրանում, որ պատերազմածների հարազատները բերում են իրենց հարազատների նկարները, որոնք մասնակցել են Երկրորդ համաշխարհային պատերազմին՝ ոչ մի վատ բան չկա: Մենք չենք հրաժարվում մեր կենսագրությունից: Նրանք պայքարել են ֆաշիզմի դեմ, այդ ժանտախտի դեմ, մի խոսքով՝ «Զինվորի հայրը» ֆիլմի ոգով: Մյուս կողմից, Հաղթանակի օրը Վրաստանում տոն է, որը նշվում է ամեն տարի, որը ոգեշնչում է պայքարել պատերազմմի դեմ, պահպանել խաղաղությունը Վրաստանում և համայն աշխարհում», – ասում է Ժորա Սնխչյանը:
«Կուրիեր» ծրագրի մեկ այլ հերոս, որի մասին Թամթա Դոլեջաշվիլին նյութ էր պատրաստել՝ թիվ 3 հանրային դպրոցի տնօրեն Արմենուհի Ղարսլյանն էր: Նրա խոսքով, նա չհասկացավ, թե ինչու է նրանով հետաքրքրվում այդ հեռուստաալիքը ոչ աշխատանքային օրվա ընթացքում, որ այս ամենի հետ նա որևէ կապ չունի եւ ալիքի գործողությունը համարում է «ինտրիգանություն»:
Ախալքալաքում այս տարի անսովոր կերպով մարդաշատ էր, եթե ամեն տարի 100 հոգուց ոչ ավելի էր հավաքվում, այս տարի հավաքվել էր 300-400 հոգի: Գլխավոր փողոցում հավաքված մարդիկ ուղղվեցին դեպի Խորհրդային Միության հերոս Վաչագան Վանցյանի հուշարձանը: Բոլորի հետ միասին հուշարձանի մոտ գնացին նաև այն մարդիկ, ովքեր բռնել էին իրենց լուսանկարները, որոնք տպագրվել և ձևավորվել էին «Անմահ գունդ Վրաստան» շարժման կողմից: Կային մարդիկ, որոնք տանից բերել էին լուսանկարներ և հետևեցին նրանց: «Անմահ գնդի» համար լուսանկարների հավաքումն ու տպագրությունը կազմակերպել էր Ախալքալաքի բնակիչ Արմեն Ֆարմանյանը:
«Ինձ առաջարկեցին մասնակցել Թբիլիսիում, ես առաջարկեցի նրանց կազմակերպել այստեղ՝ տեղում, շատ մարդիկ կան, ովքեր ցանկանում են մասնակցել, ես չէի կարող նրանց բոլորին Թբիլիսի տանել: Չգիտեմ, Թբիլիսիի կազմակերպիչները կհամաձայնեն հարցազրույց տալ, բայց ես կարող եմ պատասխանել Ձեր բոլոր հարցերին: Ցավոք սրտի, շատ քիչ թվով մարդիկ դիմեցին մեզ: Մենք պատրաստեցինք 15 լուսանկար, և ստացվեց այնպես, որ մյուսներն իմանալուց հետո, բերեցին իրենց հարազատների լուսանկարները՝ հայրերի ու պապերի, եւ կանգնեցին այնտեղ: Նինոծմինդայում 3 տարի է ինչ անցկացվում է երթը: Ես որոշեցի օգնել դրանում, ինչ-որ վատ բան կա դրա մեջ՝ չգիտեմ: Ոչ մի սիմվոլիզմ չկա, մենք մեր ձեռքերում Ստալինի լուսանկարը կամ այն աստղը չունեինք: Վրաստանի խորհրդանիշը՝ Սբ.Գիորգին էր դրոշի վրա, միայն դրոշի վրա նա էր պատկերված: Մենք գործել ենք օրենսդրության շրջանակներում», – մեկնաբանում է Ախալքալաքում «Անմահ գնդի» համակարգողը:
Ոմանց համար Հաղթանակի օրը PR-ի առիթ է, ոմանց համար՝ հիշողություններ հարազատներից, ոմանց համար էլ՝ հիշատակ, թեև արդեն վետերաններից քչերի համար սա կյանքի մի մաս է հանդիսանում: